Հատված ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, Ապարանի տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված Վրեժ Մարկոսյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Մարկոսյան, մինչեւ ընտրվելը մեզ հարցազրույց տվեցիք, վստահեցրիք, որ եթե պատգամավոր դառնաք, ժողովրդի խնդիրները կբարձրաձայնեք, հիմա կարծես շատ լուռ եք, ամեն ինչ այդքան նորմա՞լ է։
– Երանի չդառնայի (ծիծաղում է):
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ, փոշմանե՞լ եք։
– Չէ… չեմ փոշմանել։
– Ուրեմն ինչո՞ւ, ծա՞նր է օրենսդիրի աշխատանքը։
– Շաաատ ծանր, շաաատ։
– Ինչո՞վ է ծանր, ոչ ելույթ եք ունենում, ոչ նախագծեր ներկայացնում, ոչ ակտիվ մասնակցում եք խորհրդարանի աշխատանքներին:
– է, ավելի վատ, լսում եմ ելույթները, հետո ինքս իմ մեջ վերլուծում եմ։
– Ե՞վ…
– Եվ չգիտեմ, ասում են՝ վերջը լավ կլինի։
– Փաստորեն, այդքան վատ է մեր երկրի վիճակը, որից Դուք այդպես ծանր կացության մեջ եք հայտնվել։
– Այո, երկրի տնտեսական վիճակը լավ չի, օրինակ, 2 հազար 500 դրամով աշխատավարձ բարձրացնելն ի՞նչ է։
– Այդ դեպքում ելույթ ունենայիք, ասեիք այդ մասին, վերջը Ձեր ընտրողներից եւս այդ շարքում կան, սպասում են Ձեր խոսքին։
– Թող չսպասեն։
– Ինչո՞ւ։
– Դուք ինձանից լավ գիտեք։
– Մենք գիտենք, լսում ենք Ձեր թիմակիցներից, որ երկրի վիճակը շատ լավ է, ամենուրեք աճ ենք գրանցում եւ այսպիսի բոցաշունչ ճառեր։
– Եվ ի՞նչ, ի՞նչ արդյունքի են հասնում, հետո՞, դատարկ ելույթի մեջ ի՞նչ կա։
– Դրանք դատարկ ելույթնե՞ր են, եւ Դուք չե՞ք ուզում դեմագոգիայով զբաղվեք։
– Այո, ես ուզում եմ մարդը փաստացի գործ անի:
– Փաստորեն Դուխ համարում եք, որ կառավարությունը գործ չի՞ անում:
– Դե, եթե Դուք գտնում եք, որ անում է, ուրեմն լավ է։ …Ես հույս ունեմ, որ պիտի լավանա, բայց այս պահին…
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»