Հատված «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցից
– Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում ընթացող իրադարձությունների վրա աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունների մասին: Իրո՞ք, ըստ ձեզ, այդքան մեծ են այդ ազդեցությունները:
– Հայաստանը գտնվում է միջազգայնորեն շատ դիպուկ ու շոշափելի միջավայրում: Իհարկե, պետք է նկատի առնել աշխարհի բոլոր ուժային կենտրոններին, գերտերություններին ու նրանց շահերը: Բայց ես հավատացած եմ, որ մեր երկիրը կդառնա հանրապետություն, դուրս կգա կուսակցապետական ներկա իրավիճակից, երբ առաջին հերթին հարգի ի՛ր ինքնությունը, ի՛ր ինքնիշխանությունը, ի՛ր քաղաքացու իրավունքը և իր ազգային շահը: Այնպես որ, Հայաստանի հարցի լուծումը գտնվում է Հայաստանում ու նրա քաղաքացու ձեռքում` խղճի իրացման և կամքի արտահայտման միջոցով: Եվ սա ռոմանտիկա չէ, ոչ էլ հեքիաթային առաջադրանք` սփյուռքից «վերադարձած» Հայաստան: Այլ Հայաստանի միակ փրկությունն է:
Կարդացեք նաև
Պիտի գնահատել Ռուսաստանի պարագան, պիտի աշխատել, որպեսզի վերագտնենք փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված հորիզոնական գործընկերությունը նրա հետ: Եվ ոչ թե մտնենք ուղղահայաց պարտադրված ենթակայության տակ, որը թույլ է տալիս նույն Ռուսաստանին ռազմական համակարգեր վաճառել այն պետությանը, որը սպառնում է մեզ ոչնչացնել: Նույնը` նաև Եվրոպական Միության, ԱՄՆ-ի վերաբերյալ:
Ամենքն էլ նույնն են ասում, որ Հայաստանը պետք է անցկացնի միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Միաժամանակ արդեն իսկ հայտարարել են, որ վերջին խորհրդարանական ընտրությունները մի քայլ առաջ էին նախորդներից: Ասել է թե` առաջխաղացում կա: Մասնավոր զրույցներում և՛ նրանց դեսպաններին, և՛ պետական պաշտոնյաներին ես պատասխանել եմ, որ, այո՛, զրոյի նկատմամբ գուցեև առկա է առաջխաղացում, բայց մտածել, թե վերջին ընտրությունները, և ընդհանրապես որևէ ընտրություն Հայաստանում մոտեցել է միջազգային, անգամ իրական հայկական չափանիշներին, պատրանք է: Ուստի թող ամեն մեկը հետապնդի իր շահը. հասկանում ենք, որ ապրում ենք «շահերի» աշխարհում, բայց որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնի իր շահը, նախ և առաջ պետք է ունենա դե յուրե իշխանություն, որը չենք ունեցել 1991-ի ընտրությունից այս կողմ: Իսկ որպեսզի դա լինի, հայ մարդը պետք է ուզենա. եթե նա ունի ոչ միայն ձայն, բողոք, այլև ունի ողնաշար, կամք, ունի իր ընտանիքն ապահովելու ծնողական ավանդապաշտ հատկություն, կհասնի նպատակին:
– Ինչո՞վ եք, համենայն դեպս, բացատրում քաղաքական դաշտի ներկա լռությունը. ընդդիմադիր ուժերն էլ են դանդաղում նախագահի թեկնածու առաջադրելու հարցում:
– Սա լռություն, անդորր է մեծ փոթորկից առաջ: Եվ մեծ անորոշություն է հստակ որոշակիությունից առաջ:
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Հայացք»