Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ նիստում երեկ արձանագրվեց շահերի բախման մի օրինակ

Դեկտեմբեր 07,2012 10:40

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ, որը կապ չուներ քննարկվող օրենսդրական փաթեթների բովանդակության հետ:

Փաշինյանը ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրեց օրենսդրական մի նորամուծության վրա, որը ուժի մեջ է մտել ընթացիկ Ազգային ժողովի առաջին նիստի օրը։ Խոսքը շահերի բախման ինստիտուտի մասին է։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ԱԺ պատգամավորը պարտավոր է հանդես գալ շահերի բախման մասին հայտարարությամբ, երբ քվեարկում, ելույթ է ունենում քննարկվող այն հարցերի վերաբերյալ, որն ուղղակի առնչություն ունի իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական շահերի հետ եւ կարող է հանգեցնել այդ ընկերության գույքային կամ իրավական դրության բարելավմանը։

Խնդիրն այն է, որ երեկ ԱԺ նիստում քննարկվում էին մի շարք օրենքներ, որոնք առնչություն ունեին ալկոհոլային խմիչքների արտադրության եւ վաճառքի հետ, եւ երբ քննարկմանը սկսեցին մասնակցել պատգամավորներ, որ կապ ունեն կամ կարող են կապ ունենալ այս ոլորտի հետ, Նիկոլ Փաշինյանը, որպես ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ձայն խնդրեց եւ պատգամավորներին կոչ արեց ուշադիր ուսումնասիրել ԱԺ կանոնակարգի 6.2 հոդվածը, որը վերաբերում է շահերի բախմանը։

Երբ Նիկոլ Փաշինյանին խնդրեցինք որոշակիացնել, թե իր կարծիքով՝ կոնկրետ որ պատգամավորը պետք է հանդես գա շահերի բախման մասին հայտարարությամբ, վերջինս ասաց. «Քանի որ ես ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահն եմ, նման կոնկրետացումը կոռեկտ չի լինի, քանի որ էթիկայի հանձնաժողովն ինքը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հարց հարուցել, այլ գործում է միայն ըստ ստացված դիմումների։ Ես ընդամենը ցանկանում եմ պատգամավորներին հիշեցնել շահերի բախման դրույթի գոյության մասին եւ արձանագրել, որ սահմանված դեպքերում շահերի բախման մասին հայտարարությամբ հանդես չգալը կարող է դիտվել որպես էթիկայի կանոնների խախտում»։

Երեկվա նիստում, ի դեպ, ոգելից խմիչքների արտադրության եւ վաճառքի հետ կապված նախագծերի քննարկումների ժամանակ հիմնական զեկուցողներին հարցեր են տվել «ՄԱՊ» ընկերության սեփականատեր, պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի ընտանիքը ներգրավված է ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում, Կորյուն Նահապետյանը, որը Սամվել Ալեքսանյանի փեսան է, Հակոբ Հակոբյանը, որը Երեւանի գարեջրի գործարանի սեփականատերերից է, ՕԵԿ խմբակցության պատգամավորները. ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն, ինչպես հայտնի է, կոնյակի գործարան ունի Արագածոտնի մարզում։

Վ. Հ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31