Իսրայելի Էյլաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում այսօր 23 տարեկանների մրցապայքարում մրցահարթակ մտնելու են երեք հայ ծանրորդներ, որոնցից մեկը հանդես է գալիս Նիդեռլանդների դրոշի ներքո:
Աղջիկների գերծանր՝ +75 կգ, քաշային կարգում, որտեղ հայտավորված է չորս հոգի, մեր երկիրը ներկայացնելու է Նաիրա Հարությունյանը, որից մեդալ նվաճելու համար պահանջվում է գերազանցել ընդամենը մեկ մրցակցի: Նույն տարիքային խմբում տղաների 85 կգ քաշային կարգում հայաստանցի Տիգրան Կարապետյանի պատվիրած երկամարտի 245 նախնական կիլոգրամը երկրորդն է մոլդովացի ծանրորդի հետ: Այնպես որ, Իսրայելում այսօր վերջապես մեդալ ունենալու հույսեր կան: Տիգրանի հետ մրցակցելու է Հոլանդիան ներկայացնող հայ ծանրորդ Կարեն Թովմասյանը, որի մրցանակակիր դառնալու հնարավորությունները նվազագույն են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ