Կոալիցիոն նախկին գործընկերներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նոր սկանդալ է հասունանում: Չորեքշաբթի ԲՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք ենք ղեկավարում այդ պայքարը»: Այսինքն՝ Ծառուկյանը անմիջականորեն մեղադրել է ՀՀ նախագահին և վարչապետին կոռումպացված լինելու և կոռուպցիոն երևույթները կոծկելու մեջ:
Բնականաբար, իշխող Հանրապետական կուսակցության պատասխանը չուշացավ: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ի բրյուսելյան հաղորդագրությունը որակեց «ամոթալի և թատերական ներկայացում»: Սակայն ուշագրավն այն է, որ Շարմազանովը ոչ թե հերքում է իշխանության վերնախավի կոռումպացված լինելու հանգամանքը, այլ ԲՀԿ առաջնորդին խորհուրդ է տալիս լռել այդ մասին, քանի որ ըստ ՀՀԿ խոսնակի՝ «ամեն ինչ չէ, որ կարելի է ասել, և ամեն ինչ չէ, որ արդարացված է»: Շարմազանովը մեջբերում է Չերչիլին. «Ես անխնա քննադատում եմ իմ երկրի իշխանություններին երկրի ներսում, բայց երբեք ինձ շռայլություն թույլ չեմ տա քննադատել իմ երկրի կառավարությանը երկրի սահմաններից դուրս»:
Փաստորեն, հանրապետականների տրամաբանության համաձայն, անկախ իշխանության որակից և բովանդակությունից, անբարոյական է և գրեթե պետական դավաճանություն է հայրենի իշխանություններին օտարների մոտ քննադատելը: Հիմնավորված փաստարկներով և կոնկրետ օրինակներով ԲՀԿ հայտարարության մեջ տեղ գտած գնահատականը հերքելու փոխարեն Շարմազանովն ըստ էության սպառնում է քննադատել ԲՀԿ-ին և ասել այնպիսի բաներ, որոնց մասին մինչ այդ չէր խոսել: Զարմանալի է այդ տրամաբանությունը. ստացվում է, որ նրանք իրենց մրցակիցներին հորդորում են չքննադատել իշխանություններին՝ դրա փոխարեն խոստանալով, որ իշխանությունն էլ իր հերթին իրեն «կոռեկտ» կպահի…
Տպավորություն է, որ ՀՀԿ-ն քաղաքական բանավեճի և քննադատության հասկացությունների առումով աղճատված պատկերացումներ ունի: Եթե նա ասելիք ու քննադատելիք ունի ԲՀԿ-ի հասցեին, ապա հասարակությունը անհապաղ պետք է տեղեկանա այդ մասին: Առողջ քաղաքական բանավեճն ու քննադատությունը հենց այն բանի համար են, որ հատկապես ընտրություններից առաջ հասարակությունը բազմակողմանի տեղեկացված լինի և քվեարկության պահին ճիշտ որոշում կայացնի: Եթե, իհարկե, քաղաքացիները առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ազատ ընտրելու հնարավորություն ունենան:
Կարդացեք նաև
«Օրակարգ»