ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, որտեղ նա զգուշացնում էր Էդուարդ Շարմազանովին, թե իր յուրաքանչյուր հայտարարություն ուղղված է նաև միլիոնավոր մարդկանց, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնների և միլիոնավոր հայերի մասին՝ արդեն զվարճալի երևույթ է և ժպիտ առաջացնող:
Երկրորդ՝ կարծում եմ` ինքը ոչ ճիշտ թեկնածու է ընտրել շանտաժով և սադրանքով խոսելու, եթե գոնե մի քիչ ուսումնասիրեր իմ կենսագրությունը՝ կգիտակցեր, որ անօգուտ զբաղմունքով է զբաղված: Երրորդ` վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր որ փաստերից զուրկ են: Չորրորդ՝ բարեկամական խորհուրդ կտամ հաճախակի կուռքեր փոխողին՝ կուռքերի պաշտամունքով չզբաղվել»:
«168 ժամ»