Կապանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչն այսօր եղել է օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարից Աճանան (Նորաշենիկ) գետ լցված պոչամբարի արտահոսքի արձանագրած վայրում, որտեղով այսօր, հոսում էր համեմատաբար ավելի պարզ ջուր: Ըստ մեր աղբյուրների` ժամանակ առ ժամանակ պարզվածքների փոխարեն Աճանան գետ է լցվում պոչամբարի թափոնաջրերը, որի արձանագրած պատկերը պարզ երեւում էր օրերս արված եւ լրատվամիջոցներով տարածված հետեւյալ տեսանյութում (նշենք, որ արտահոսքը, ինչպես պարզ դարձավ, Դինո գոլդի հետ կապ չուներ): Իսկ թափոնաջրերով ողողվող Աճանան գետի ջրերով ոռոգվում են Սյունիք համայնքի այգիները, որոնց մասին բազմիցս է խոսվել եւ բնակիչների դժգոհության մասին բարձրաձայնվել: Այդ ջրերով մշակվող բերքը վաճառվում է Կապանի շուկայում եւ օգտվում են մարզկենտրոնի բնակիչները, ինչը մասնագետների հավաստմամբ` վտանգավոր է մարդկանց առողջության համար:
Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի խոսքով` ոռոգման ջրի խնդրի պատճառով այսօր համայնքի շատ հողակտորներ նույնիսկ չեն մշակվում: «Սյունիք համայնքը ոռոգման ցանցի կառուցման խնդիրը ունի: Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակն շահագրգռված է, որ կարողանանք մեր տարածքում այդ խնդիրը լուծենք: Ոռոգման ջուրը հաճախակի աղտոտվում է ԶՊՄԿ-ի պոչամբարի թափոնաջրերով եւ շատ խնդիրներ են առաջանում համայնքում: Մենք ծրագրեր ենք մշակել, որ կարողանանք այդ ջուրը վերցնենք Նորաշենիկի տարածքով անցնող թափուկատարից վերեւ գտնվող ջրառից, որտեղից խողովակաշարով բերվող ջուրը միշտ մաքուր կլինի եւ թափոնաջրերով աղտոտվելու վտանգ չի լինի: Դա բավականին մեծ ծավալուն գործ է, մոտ մինչեւ 300 մլն դրամի արժեք ներկայացնող, թվում է` մենք չենք կարող էդ խնդիրը լուծենք, համայնքը պետք է ներդրում անի 10 տոկոս` մոտ 30 մլն դրամ, մեր բյուջեն նման հնարավորություն չունի: Եթե այսօր կարողանանք ջուրը տեղ հասցնենք, ապա մոտ 300-400 հա վարելահող կմշակվի ու կջրվի», – նշեց Սամվել Սարգսյանը: Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի եւ «Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիա» հ/կ-ի համատեղ համագործակցությամբ`Սյունիք համայնքի ոռոգման ջրի համակարգի վերաբերյալ` համայնքի բնակիչների կարծիքը գնահատելու նպատակով, իրականացվել է հետազոտություն: Հարցվածների գերակշռող տոկոսը պատասխանել է, որ օգտվում է Նորաշենիկի (Աճանան) գետի ջրից, չնչին տոկոսը` Գեղիի ոռոգման ջրից: Նորաշենկի գետի ջրից օգտվողների 92 տոկոսը պատասխանել է, որ այլընտրանք չունենալու պատճառով են օգտվում այդ ջրից, իսկ ջրի որակի վերաբերյալ տվեցին հետեւյալ գնահատականը:
Բնակիչները նաեւ նշել էին, որ ամռանը գետի ջրերը պակասում են, ջուրը չի հերիքում, իսկ ոմանք էլ ասել են, որ միշտ ջուր են ունենում, սակայն այն պիտանի չի ոռոգման համար: Ֆերմերների 50 տոկոսը պատասխանել է, որ ջրի պակասի պատճառով հողատարածքները մասամբ են մշակում: Մաքուր ջուր ունենալու դեպքում գյուղացիները պատրաստակամություն են հայտնել վճարել ջրի դիմաց: Սյունիքի բնակիչները անկեղծացել են, որ բերքի իրացման հետ կապված խնդիրներ են ունենում, երբ գնորդներն իմանում են արտադրության վայրը` չեն գնում, պատճառաբանելով, որ Սյունիքի ջրերը վատն են (խվոստի ջրով է ջրվում): Այդ իսկ պատճառով, նրանք հիմնականում ստիպված են լինում գյուղմթերքը հանձնել վերավաճառողներին:
Կարդացեք նաև
Նախկինում Արծվանիկի պոչամբարից գետ լցվող ջրերի հատման վայրից վերեւ գտվող ջրառից առանձին խողովակաշարով ջուր էր անցկացվել, որը տրվում էր հարակից համայնքների բնակիչներին: Սակայն ներկայումս ոռոգման այդ խողովակաշարը քանդվել-վնասվել է: Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանի փոխանցմամբ` իրենց կողմից Սյունիք համայնքի ոռոգման համակարգի խնդրի հնարավոր լուծման վերաբերյալ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվել շահագրգիռ կողմերի` ԶՊՄԿ-ի, ինչպես նաեւ մի շարք այլ դոնոր կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցելու խնդրի լուծմանը: Սկսված գործընթացը դեռ ընթացքի մեջ է եւ ներկա դրությամբ էլ քննարկումները շարունակվում են: Քննարկվող տարբերակներից մեկը Խորհրդային Միության տարիներին կառուցված, սակայն ներկայումս վնասված եւ չշահագործվող առվի վերականգնումն է: Խնդրի լուծման դեպքում միայն հնարավոր կլինի նվազեցնել եւ հնարավորինս կանխել գյուղմթերքների միջոցով Կապանի տարածաշրջանի բնակչության առողջությունը շարունակաբար վտանգող եւ բացասական հետեւանքներ թողնող ստեղծված անընդունելի իրավիճակը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ