Ինչպես տեղեկացրել ենք, շուտով՝ դեկտեմբերի 12-ին, կայանալու է գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու՝ Աշոտի հարսանիքը «Օջախ» ռեստորանում: Այդ հարսանիքին, ըստ լուրերի, հրավիրված է ՀՀԿ ողջ վերնախավը, եւ պատգամավորներ՝ ոչ միայն ՀՀԿ-ից: Aravot.am-ն այսօր փորձեց պարզել, թե մասնավորապես ով է հրավիրված այդ հարսանիքին: Ինչպես հայտնի է, Սեյրան Սարոյանի ամենամտերիմ ու անբաժանելի ընկերն ԱԺ-ում գեներալ Մանվելն է: Նրա եղբորորդին՝ ՀՀԿ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, որը վատ հարաբերությունների մեջ է հորեղբոր հետ, հրավիրվածների ցանկում չկա: Նա այդ մասին հաստատեց մեզ հետ զրույցում՝ նշելով, որ «անտրամադիր է եւ չի ուզում այդ մասին խոսել»:
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը զարմացավ նույնիսկ, որ կարող էր հրավիրվածների ցանկում լինել. «Չէ, ինձ չի կանչել»: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը, նույնպես հրավիրված չէր, թե ինչո՞ւ՝ նա պատասխանեց. «Ինքն այդպես է որոշել, այդպես է արել: Ճիշտ ասած, մեր հարաբերությունները շատ նորմալ են, բայց պարտադիր չի, որ ինձ կանչի հարսանիքի: Շուտով իմ աղջկա հարսանիքն է լինելու, ես շատ մտերիմների եմ կանչելու»: Կարինե Աճեմյանն ասաց, որ ՀՀԿ խմբակցությունից հյուրեր լինելու են, բայց միայն՝ ամենամտերիմները. «Ես գտնում եմ, որ դա շատ անձնական, ընտանեկան տոն է եւ Սեյրան Սարոյանից չեմ նեղանում, որ ինձ չի կանչել: Ոնց հարմար են գտնում»: Կարինե Աճեմյանը չի եղել նաեւ Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին: Մենք կատակեցինք՝ հե՛տ եք մնում, տիկին Աճեմյան, վերջինս արձագանքեց. «Չէէէ, բոլորովին: Չէի ասի»:
Սեյրան Սարոյանը խորհրդարանի միակ անկուսակցական, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին նույնպես չի հրավիրել. «Չէ, մենք ծանոթ չենք, մտերմություն չունենք: Ես ի՞նչ կապ ունեմ Սեյրան Սարոյանի կամ նրա որդու հետ: ՀՀԿ խմբակցությունը մենակ 70 հոգի է, իրենք էլ գնան՝ էլի ահագին է: Հարսանիքի հրավիրում են մտերիմ մարդկանց, ես սկի ծանոթ չեմ իրենց»,- ասաց պարոն Մարուքյանը:
Իսկ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Էս ի՞նչ ինտիմ հարցեր եք տալիս: Կգնա՜մ, չե՜մ գնա, ի՞նչ կապ ունի: Դա իմ անձնական ու Սարոյանի անձնական խնդիրն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ