Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը Իջեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը գտնվում էր Իջեւանի քույր Վալանս քաղաքում: Քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ Ֆրանսիա էին մեկնել քաղաքի ավագանու 4 անդամներ եւ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը: Քաղաքապետը հայտնեց, որ քույր քաղաքը Իջեւանին է նվիրել փողոցների մաքրման 4 հատ մեքենա, որոնք 5-10 տարի առաջ են արտադրվել: Այդ մեքենաներից մեկը նախատեսված է Իջեւանի փողոցները, մյուսը՝ մայթերը ավլել-մաքրելու, երրորդը՝ փողոցները տաք, չորրորդը՝ սառը ջրով լվանալու համար: Մեքենաները Վալանսից Իջեւան կներկրվեն 2013թ. մայիսին: Բացի այդ՝ ֆրանսիացիները Իջեւանին կնվիրեն շտապ օգնության մեքենա եւ ավտոբուս: Վարդան Ղալումյանը, անդրադառնալով Իջեւանում կովերի անարգել թափառելու վերաբերյալ «Առավոտի» հրապարակումներին, նշեց, որ մարզկենտրոնին հարակից գյուղերի անասունները սարամասեր տեղափոխելու միակ ճանապարհը ձգվում է Իջեւանով: Քաղաքապետը հավաստիացրեց ,որ Իջեւանում թափառող կովերը քաղաքապետարանի կողմից արգելափակվում են եւ ասաց, որ մեր զրույցի պահին արգելափակված կովեր կան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև