Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցված խուլ եւ համր մարդկանց 70 տոկոսը առհասարակ չի հետեւում երկրի քաղաքական գործընթացին

Դեկտեմբեր 06,2012 21:58

«Լուսաստղ»  ՀԿ –ի` Լոռու մարզի Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան եւ Սպիտակ համայնքներում 50  խուլ եւ համրերի շրջանում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 70 տոկոսը առհասարակ չի հետեւում երկրի քաղաքական գործընթացին, քանի որ դրան նպաստավոր որեւէ դաշտ չկա:

Այդ մասին այսօր  հաշմանդամություն ունեցող անձանց միամսյակի շրջանակներում «Օրրան» բարեգործական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցած «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստի ժամանակ ասաց «Լուսաստղ»  ՀԿ փոխնախագահ Անի Գաբրիելյանը:

Անի Գաբրիելյանն ասում է, որ հարցմանը մասնակցած  50 խուլ եւ համրերի միայն 40 տոկոսն է  տիրապետում սուրդո թարգմանությանը, իսկ մնացած 60 տոկոսը հաղորդակցվում է կամ ընտանիքի անդամների օգնությամբ, կամ էլ առհասարակ չի  հաղորդակցվում. «Եվ մեծամասնությունը 22-23 տարեկան երիտասարդներ են: Նրանք մինչ այդ առհասարակ ընտրությունների չէին մասնակցել, իսկ այս  ընտրություններին էլ մասնակցել էին ծնողների օգնությամբ»:

Վերոնշյալ հինգ համայնքներում նաեւ կազմակերպվել են հանդիպումներ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց ու նրանց ընտանիքի անդամների հետ. «Բացի այդ` մենք իրականացրինք նաեւ կարիքների գնահատում: Վերոնշյալ տարածաշրջաններում  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները յուրահատուկ բնույթ են կրում: Հայտնաբերեցինք այնպիսի խնդիրներ, որոնց մասին մարզկենտրոնում դադարել են խոսել  արդեն մի քանի տարի» :

Նա ասում է, որ տվյալ համայնքներում տեղաշարժման դժվարություններ ունեցող երեք երիտասարդներ բացարձակապես կտրված են հասարակությունից,  տնից դուրս են եկել միայն թաղամասային պոլիկլինիկա այցելելու համար.«Նրանց օրը սկսվում է տան չորս պատերի ներսում եւ ավարտվում նույն կերպ: Մեր այցելությունները արդյունք չտվին, որովհետեւ խնդիրը ունի երկկողմանի բնույթ. մի կողմից`նույնիսկ ընտանիքի անդամները պատրաստ չեն իրենց երեխային ներկայացնելու հասարակությանը, մյուս կողմից էլ երեխան,  պարփակված լինելով, սովորել է այդ վիճակին եւ ունի մտավախություններ հասարակություն մտնելու համար» :

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31