Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը պատասխանում է «Մարտի 1-ի» զոհվածի մորը

Դեկտեմբեր 06,2012 21:35

«Ես ընդհանրապես Մարտի 1-ի զոհերի մասին խոսելիս եղել եմ բացառիկ հարգալից: Ես թերեւս այն բացառիկ պատգամավորներից եմ, որ առանց վարանելու խոսել եմ եւ կոչ եմ արել, որպեսզի կոնկրետ սպանողները բացահայտվեն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսպիսի պարզաբանում տվեց՝ «Մարտի 1-ի» զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի կասկածների հետ կապված:

Հիշեցնենք, որ նա ասել էր, որ «իշխանության վրա որեւէ հարցում հույս դնելուն ես դեմ եմ, մանավանդ որ, Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր՝ հինգ տարի է անցել, ի՞նչ բացահայտում: Հիմա էլ մի տարի էլ շատ են տալիս, որ ասի վե՞ց տարի է անցել»: Ըստ Հովհաննես Սահակյանի, «Միեւնույն ժամանակ ես իմ այդ ելույթի ժամանակ նշել եմ, որ այս 5 տարվա մեջ ապացուցողական  գործողությունները՝ տեղային զննում եւ այլն…դրանք հետագայում կորցնում են իրենց արժեքը՝ որպես այդպիսին: Իմ հորդորի մեջ եղել է այն, որ քաղաքական ուժերը չշահարկեն այդ սպանությունները եւ չբերեն օրակարգ՝ հարգելով նաեւ այդ անձանց ընտանիքների իրավիճակը՝ հուզական, հոգեկան: Նորից վիշտը կբորբոքվի: Պետք չէ մեկ անգամ եւս շահարկել, առավել եւս, եթե իրենք չունեն նոր վկայություն տալու, նոր տեղեկություններ, փաստարկներ: Ես ասել եմ, որ այս իրավիճակում դժվար է ապացուցել, իսկ այն մարդիկ, որոնք ունեն այդ ապացույցները, այդ փաստերը, ապա կարող են այսօր էլ դիմեն իրավապահ մարմիններին եւ այդ սպանությունները շատ արագ բացահայտեն՝ հանձնաժողովի հետ չկապելով»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկին՝ ընտրություններից հետո, որովհետեւ Ձեր խոսքերից տպավորություն է, որ դեմ եք հանձնաժողովին՝  նա պատասխանեց. «ՀՀԿ-ն հանձնաժողովին դեմ էր: Պետա-իրավական հանձնաժողովում մենք մեր տեսակետը հայտնել ենք, որ պետք չէ քաղաքականացնել խնդիրը: Այ, իրավական հարթության մեջ առաջինը մենք ենք շահագրգիռ, որ այդ հանձնաժողովը բացվի, որպեսզի եթե կա եւս մեկ շանս, դա օգտագործենք, որ այդ դեպքերը բացահայտվեն, առանց քաղաքականացնելու գնանք առաջ: Բայց մենք տեսնում  ենք, որ նույնիսկ այս պարագայում, գալով համաձայնության, տալով մեր ջենտլմենական խոսքը, որ մենք նախագահականից հետո կողմ ենք քվեարկելու, մենք տեսանք, որ դահլիճում նույնիսկ այս պարագայում մարդիկ փորձեցին քաղաքականացնել: Նույնիսկ այս պայմանավորվածության արդյունքում հանիրավի մեղադրանքներ ե՛ւ հեղինակի հասցեին, ե՛ւ մյուսներին: Իսկ եթե խնդիրը բացահայտելն է, դա մի՛ քաղաքականացրեք: Եթե սա օգտագործում եք, որպես քաղաքական նպատակ՝ ձեր քաղաքական օրակարգը լրացնելու համար, իմ խորին համոզմամբ՝ դա ընդամենը անբարոյականություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31