Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը երկար խոսեց կոռուպցիայի վնասներից, հակադարձեցին՝ պայքարը պետք է սկսել «վերեւներից»

Դեկտեմբեր 06,2012 20:37

«Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցացիա» ՀԿ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը  դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպել էր «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական  վերահսկողությունը Տավուշի մարզում» խորագրով քննարկում:

Միջոցառումը ողջունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը երկար  եւ վերացական  խոսեց կոռուպցիայի վնասներից,  նշելով . « Հայաստանի հանրապետության համար կոռուպցիայի դեմ կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 7-ին: Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետություններն անհանգստացած են հասարակությունների կայունության եւ անվտանգության համար կոռուպցիայի առաջադրած խնդիրներով եւ սպառնալիքներով, որոնք խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու  արժեքներն, բարոյական արժեքներն ու արդարությունը եւ վտանգում են կայուն զարգացումը:  Անհանգստացած են  նաեւ կոռուպցիայի եւ հանցագործության այլ ձեւերի միջեւ կապով, մասնավորապես՝ կազմակերպված հանցագործության եւ տնտեսական հանցագործության խնդիրներով՝ ներառյալ փողերի լվացման հետ , ինչպես նաեւ կոռուպցիայի դեպքերով , որոնք ներառում են արժեքների հսկայական  ծավալներ ,որոնք կարող են կազմել պետությունների   միջոցների նշանակալից  մասը, որոնք վտանգում են այդ պետությունների քաղաքական կայունությունը եւ ընդհանրապես կայուն զարգացումը: Կոռուպցիայի  երեւույթն  ազդում է հասարակության բոլոր ոլորտներում բնականոն զարգացմանը, ինչը կենսականորեն կարեւոր է դարձնում դրա կանխարգելմանը եւ իսպառ վերացմանը ուղղված գործողությունները: Անձնական հարստության ապօրինի   ձեռք բերումը կարող է   ուղղակիորեն   վնաս հասցնել ժողովրդավարական  ինստիտուտներին ,ազգային տնտեսություններին եւ օրենքի գերակայությանը:  Կոռուպցիայի  կանխարգելումը եւ արմատախիլ անելը բոլորիս պարտականությունն է»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Իջեւանի գրասենյակի իրավաբան Բենիկ Հարությունյանը, ով նախկինում ղեկավարել է  Տավուշի մարզպետարանի իրավաբանական բաժինը, հայտարարեց. « Կոռուպցիան  ընդհանրապես կատարվում է տվյալ պետության վերին էշելոններում՝ կառավարություն, նախագահի մոտ, վարչության,նախարարի մոտ, մարզպետարանում  եւ այլն: Եթե մենք գործն սկսել ենք անտառխախտումներից, մենք կոռուպցիայի դեմ պայքար միեւնույնն է ՝ չենք կարող  արդյունավետ իրականացնել: Հազար անտառապետ, հազար անտառապահ բռնենք, միեւնույնն  է՝եթե կոռուպցիայի դեմ պայքարը  վերեւներից սկսված  չէ, կոռուպցիան  պետք է լինի , միանշանակ»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31