Այսօր Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ բաց հասարակական բանավեճ` «Քաղաքի նոր պատկերը. Երեւան եւ Թբիլիսի» թեմայով:
Պատմական ակնարկով ներկայացնելով երկու քաղաքների զարգացումները` ճարտարապետ-ուրբանիստ, Վրաստանի Ճարտարագիտական համալսարանի պրաֆեսոր Լադո Վարդոսանիձեն նշեց, որ աշխարհագրական եւ պատմական առումներով Երեւանը եւ Թբիլիսին կապված են իրար. «Մեր հասարակությունների մեջ կա Երեւանի եւ Թբիլիսիի գենետիկ նմանությունների գիտակցումը: Ճիշտ է, ինչպես բոլոր քաղաքները, դրանք եւս կրել են տեկտոնիկ փոփոխություններ, բայց ժամանակակից ուրբանիստներից մեկը համարում է, որ պետք է մրցեն հենց քաղաքները, ոչ թե երկրները: Աստիճանաբար մենք ավելի ենք համոզվում, որ քաղաքը մարդիկ են, ոչ թե քարերը»:
Ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հանձնաժողովի նախագահի տեղակալ Հրաչյա Պողոսյանը ասաց, որ քաղաքի ճարտարապետությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց գիտակցության վրա. «Այն համարվում է կարեւոր գործոն` մարդկային որակի զարգացման եւ ձեւավորման համար, որովհետեւ մարդը ծնվում եւ մահանում է ճարտարապետության մեջ: Ճարտարապետությունն ամենուր է, եւ կախված միջավայրից` դաստիարակում է մարդուն, որն էլ ստեղծում է ճարտարապետություն»:
Պողոսյանի խոսքով. «Բոլոր ժամանակներում մեր ղեկավարները հասկանում էին ճարտարապետության ընձեռած հնարավորությունները` մարդկանց վրա ազդելու հարցում: Հաշվի առնենք, որ մեր քաղաքային էլիտայի մի մասը ժամանակին իր հնարավորությունները ներդրեց այլ քաղաքներում, ասենք` Բաքվում կամ Թբիլիսիում: Մինչ քսանական թվականները Երեւանն այնպիսին չի եղել, ինչպիսին մենք ենք հիմա սովոր տեսնել: Նախկինում Երեւանը մի քաղաք էր, որում մի քանի մեծահարուստ հայերի տներ կային: Իսկ հետո հայտնվեց Թամանյանը, նոր ճարտարապետական ոճ մշակեց ու ոչնչից սարքեց մայրաքաղաք: Այսօր, ցավոք, մենք կորցնում ենք քաղաքային ավանդույթները. ամեն անկյունում նոր կաֆե ու դեղատուն է բացվում»:
Կարդացեք նաև
Հանդիպման մոդերատոր, գրող Դավիթ Մուրադյանի կարծիքով. «Քաղաքի կերպարը քաղաքացին է, իսկ կյանքի ոճը թելադրում է ոչ միայն ճարտարապետությունը, այլեւ ավանդույթները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ