Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն՝ Ծառուկյանին. «Եթե կար կոռուպցիա, արդյո՞ք ձեր մեջ էլ չկային մարդիկ, որոնք աջակցել են կոռուպցիային»

Դեկտեմբեր 06,2012 19:39

Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարում են մարդիկ, որոնք թաղված են կոռուպցիայի մեջ, ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց. «Նման հայտարարությունները, որոնք կրում են ավելի շատ քաղաքական բնույթ, ոչ թե գործնական, կարող են բերել ավելորդ լարվածության՝ նախընտրական շրջանում: Իսկ դուք գիտեք, որ  երկրի նախագահը միշտ կոչ է արել չվերածել ընտրությունները հակամարտության: Դարձնել դա պարզապես մրցույթ՝ գաղափարների, առաջարկությունների, մեր երկրի, մեր ժողովրդի ապագան կառուցելու առումով: Հետեւաբար կարծում եմ, որ պետք չէ նման հայտարարություններով շիկացնել մթնոլորտը: Երկրի ղեկավարությունը՝ նախագահի ղեկավարությամբ, վարում է հակակոռուպցիոն հստակ ընդգծված քաղաքականություն, դրա համար երկրի նախագահը, երկրի վարչապետը բազմիցս խոսացել է օլիգոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ այն փաստերը, որ այսօր բանտում են գտնվում մի շարք  ղեկավար անձինք, այն փաստը, որ բազմաթիվ պաշտոնյաներ նաեւ ադմինիստրատիվ պատասխանատվության են ենթարկվել, հեռացվել են աշխատանքից…»:

Հարցին՝ չե՞ ք կարծում, որ դա ընդամենը նախընտրական տրյուկ էր, Բաբուխանյանը վստահեցրեց, որ դա ոչ թե նախընտրական շրջանում է եղել, այլ՝ ընտրություններից  ավելի շուտ. «Պետավտոտեսչության պետի գործը եղել է 1 տարի առաջ: Ի՞նչ նախընտրական»:

Aravot.am-ի հարցին՝ դուք ներկայումս կոռումպացված պաշտոնյայի գիտե՞ք, նա պատասխանեց. «Եթե իմանայի, անպայման կդիմեի դատախազություն: Իհարկե, մեր երկրում կա կոռուպցիա, բայց բացահայտել դա, հանել ջրի երես, դա լուրջ խնդիրներ են: Միայն ցանկությունով կամ ենթադրությունով չես կարող մարդուն վերցնես, տանես բանտ: Չմոռանանք նաեւ, որ ԲՀԿ-ն ինքը 5 տարի հանդիսացել է իշխող ուժ, կոալիցիայի անդամ, այսինքն՝ եթե կոռուպցիա կա երկրում, կարող ենք հարցադրում անել մեր ԲՀԿ-ական գործընկերներին՝ լավ, 5 տարի դուք գտնվել եք կոալիցիայի մեջ, եթե կար կոռուպցիա, իսկ այն կար, ապա ինչո՞ւ չէիք պայքարում: Եւ արդյո՞ք ձեր մեջ էլ չկային մարդիկ, որոնք աջակցել են կոռուպցիային, որպեսզի այն չբացահայտվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31