Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցով դատավարության ժամանակ այսօր դատարանը ընդմիջումից հետո որոշեց բավարարել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել էին չեղյալ համարել Հ. Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները, թեեւ նա նոյեմբերի 23-ին ինքնակամ հրաժարվել էր պաշտպանի իր լիազորություններից:
Իրենց այս պահանջը պաշտպանները բացատրում էին ի սկզբանե գործում ընդգրկված Արշակյանի ոչ փաստաբան լինելու հանգամանքով: Պաշտպանները նաեւ նոր միջնորդություն ներկայացրին՝ երկշաբաթյա ժամկետ պահանջելով գործի արդյունավետ քննության համար, ինչը դատարանը եւս բավարարեց:
Հայցվորի պաշտպան Կարապետ Բադալյանն էլ դատարանին ներկայացրեց գործով փաստական հիմքեր՝ բացատրելով, դրանք անհրաժեշտ է հիմա ներկայացնել, որ երկու շաբաթից հետո Ռ. Հայրապետյանի պաշտպանները գան պատասխաններով:
Ըստ նրա փաստական հիմքերի՝ զրպարտություն է, երբ Ռ. Հայրապետյանը իր հայտնի հարցազրուցյում հայտարարել է, որ Հ. Խառատյանն ու նրա գործընկերները իրենց բողոքի ակցիաներով ահաբեկել են իր եւ նրա ընկերոջ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքներին:
Կարդացեք նաև
Հայցվորի պաշտպանը նաեւ ընդգծեց իր վստահորդի պահանջը՝ Ռ. Հայրապետյանը հրապարակորեն ներողություն խնդրի իր բարի համբավը, ապատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու համար:
Հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 15-ը: Դատավոր Բաբայանը վերջում նաեւ հավելեց. «Շնորհավոր ձեր գալիք տոները, կհանդիպենք հունվարի 15-ին: Հուսով եմ՝ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չի գա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ