«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով, այս տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է: Այս համաթվով ՀՀ-ն առաջ է անցել Ադրբեջանից, սակայն, միևնույն է, չի բարելավել իր դիրքերը:
Aravot.am-ը փորձագետներից հետաքրքրվեց՝ այս փաստի հիմնական պատճառները որտե՞ղ պետք է փնտրել:
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ասաց. «Կոռուպցիոն երևույթները մեզ մոտ գալիս են չկանոնակարգվածությունից, պատասխանատվության միջոցի բացակայությունից, անտարբեր մոտեցումից և կառավարմանը բնորոշ բազմաթիվ երևույթներից: Ցանկացած պարագայում երկիրը՝ ըստ էության պիտի առավելագույնս այդ հարցերը ոչ միայն պահի տեսադաշտում, այլև դրանց վերաբերյալ կիրառի գործունեության մեխանիզմներ, կոռուպցիոն երևույթները բացառելու կամ փոքրացնելու համար: Եթե այդ մոտեցումները բացակայում են, բնականաբար կոռուպցիան տարերային բնույթ կրելով՝ դառնում է ամբողջ հասարակության գործելաձևը՝ սկսած դպրոցից, վերջացրած կառավարման ամենաբարձր պետական մակարդակներով»:
Կարդացեք նաև
Օրինակ բերելով Վրաստանի փորձը՝ պարոն Բոստանջյանը նկատեց. «Վրաստանում կոռուպցիայի տարածվածության մակարդակն ավելի բարձր է եղել, քան ՀՀ-ում: Բայց նրանց մոտ մի պահ մեծագույն ուժգնությամբ դրվեցին այդ խնդիրները և բոլորը հասկացան, որ կոռուպցիոն երևույթների համար կրելու են անվերապահ պատիժ: Արդյունքում նկատելիորեն կոռուպցիան կրճատվեց: Քաղաքական կամքը կայանում է պատասխանատվության միջոցի կիրառման մեջ: Պատկերացրեք, եթե մարդը կամ որոշակի պատասխանատվություն կրողը, մեր ազգի շահերը դավաճանող գործողությամբ զբաղվելով հանդերձ, այդ տիրույթում գտնվելով, պարզապես ազատվում է աշխատանքից, որոշ ժամանակ հարաբերականորեն ազատ շնչելով ու հետո ավելի բարձր պաշտոնի գնալով, ինքն ինչո՞ւ պիտի հրաժարվի կոռուպցիայից»:
Ամփոփելով զրույցը՝ պարոն Բոստանջյանը նշեց. «Պայքարում են, գլուխները պատով են տալիս: Պարզապես մի ձև կա պայքարելու: Կիրառեք այդ ձևը, քանի որ դուք շատ լավ գիտեք, որն է այդ ձևը: Եթե չեն կիրառում, ապա կոռուպցիոներները հենց իրենք են»:
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ նկատեց. «Թափանցիկություն չկա պետական կառավարման գործունեության մեջ, մաքսային և հարկային գործունեության և այլ ոլորտներում և ընդհանրապես կառավարման համակարգի ամբողջ գաղափարը կոռուպցիայի վրա է կառուցվում»:
Պարոն Խաչատրյանը, ՀՀ իշխանության հետագա «խաղերից» խուսափելու համար, շեշտեց, որ փոխվել է ուսումնասիրության մեթոդոլոգիան և մանրամասնեց. «Սա իմանանք, քանի որ իշխանությունները կարող է հերթական իրենց խաղերը տան, բա 2011-ի հաշվետվության մեջ 129-րդն էինք, հիմա 105-113-ն ենք: Դրանք համեմատելի չեն»:
Վրաստանի հետ համեմատության առումով Վ. Խաչատրյանն ասաց. «Միանշանակ դա քաղաքական կամքի դրսևորման արդյունք է: Եթե իշխող կուսակցությունը և իշխանության ղեկավարը ցանկանում է կոռուպցիան վերացնել, հեշտությամբ կարողանում է վերացնել, քանի որ համապատասխան օրենքները, գործունեությունը թույլ են տալիս: Վրաստանը դրանով է մեզնից առաջ: Իսկ մեզանում որտեղի՞ց լինի այդ ցանկությունը …այստեղ կարևոր է նաև դատական համակարգի անկախություն, որը մեզ մոտ ընդհանրապես չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ