Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանի պաշտպանները ձգձգում են դատավարությունը»

Դեկտեմբեր 06,2012 17:18

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցի դատավարությունը՝ ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի:

Նախնական դատական նիստը, Ռ. Հայրապետյանի պաշտպաններ Կարեն Պետրոսյանի եւ Վահե Մովսիսյանի միջնորդությամբ, 20 րոպեով հետաձգվեց: Նրանք պնդում են, որ դատարանը պետք է նախորդ դատական նիստում իրենց ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակեր: Ընդմիջմանը Ռ. Հայրապետյանի պաշտպանները նոր միջնորդություն են պատրաստվում ներկայացնել Մ. Արշակյանի լիազորությունները չճանաչելու մասին:

Պաշտպաններն ավելի վաղ միջնորդել էին կասեցնել Հրանուշ Խառատյանի պաշտպան Մհեր Արշակյանի լիազորությունները՝ հիմնավորելով, որ նա փաստաբան չէ: Բայց նրանց միջնորդությունից հետո՝ նոյեմբերի 23-ին, իր լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել դատարանին:

Դատավորը մի քանի անգամ հստակեցրեց, որ Մ. Արշակյանը այլեւս Հ. Խառատյանի ներկայացուցիչը չէ եւ պատասխանող կողմից պարզաբանում էր պահանջում՝ ինչու են պնդում քննարկել իրենց միջնորդությունը:

Պաշտպան Կ. Պետրոսյանը դատարանին վստահեցրեց, որ իրենց միջնորդության քննարկումը ու համապատասխան որոշումը դատարանի կողմից իրավական հետեւանքներ կունենա. «Դատարանը մեկ անգամ ճանաչել է Մհեր Արշակյանի լիազորությունները, հիմա միջնորդում ենք չճանաչել»:

«Ե՞րբ է ճանաչել»,- հարցրեց դատավոր Արսեն Բաբայանը:

«Առաջին նիստի ժամանակ, երբ լիազորություններն էր ստուգում»,- պատասխանեց պաշտպանը:

«Դատարանը միայն ինքնությունն է ճշտել»,- հստակեցրեց դատավորը:

Նշված միջնորդությունը, ըստ հայցվորի պաշտպան Կարապետ Բադալյանի, դատավարական գործընթացը ձգձգելու միտում ունի. «Անտեղի ձգձգում են: Միջնորդությունը ենթակա չէ քննության: Այն բավարարելու դեպքում, ստացվում է դատավորը չի ճանաչելու մեկի լիազորությունները, որը չկա նոյեմբերի 23-ից: Մերժեք միջնորդությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31