«Ճիշտն ասած ես երբեք էլ չեմ գնացել կոսմետոլոգի մոտ, ու դժվար թե մի օր գնամ: Լավ է, երբ մաշկը խնամված է, և այդպես էլ պետք է լինի, բայց տղաների դեպքում՝ չափի մեջ, դրան ավելի շատ աղջիկը պետք է հետևի, ինձ համար ճիշտ չի, երբ տղան սկսում է մանրակրկտորեն իրենով զբաղվել», – ասում է 21-ամյա Կարենը:
Իսկ 24-ամյա Արշակը կարծում է, որ մաշկի խնամքը կարևոր է ցանկացած մարդու և ցանկացած տարիքի դեպքում՝ աղջիկ լինի, թե տղա, լինի 18 թե 40 տարեկան, «Հաստատ շատ տհաճ է, երբ նայում ես մեկի ձեռքերին ու այն ճաքչքված է լինում, կամ էլ դեմքին կոշտուկներ են լինում, ես միշտ մտածում եմ՝ հետաքրքի՞ր է, իրեն էդպես դու՞ր է գալիս, զարմանում եմ այն տղաների վրա, ովքեր հարգի չեն համարում օրինակ ձեռքի կրեմ օգտագործելը», – ասում է նա:
Տիգրանն էլ երևի Արշակի նշած տղաներից մեկն է. «Հո աղջի՞կ չեմ, կրեմ քսեմ, – ասում է նա, – ես չեմ ասում պետ քա անխնամ լինել, այլ կարծում եմ, որ մաշկի խնամքին հետևելն ավելի շատ աղջկա գործն է»:
19-ամյա Գարիկն էլ ձեռքերի ու դեմքի խնամքից բացի կարևորում է նաև եղունգների խնամքը, ասում է. «Յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, պետք է կոկիկ լինի, խնամքը շատ բան է ասում մարդու բնավորության ու էության մասին»:
«Հիմա տղաները սկսել են ավելի հաճախ դիմել կոսմետոլոգին՝ մաշկի խնամքի համար, բայց ավելի շատ ոչ թե ձեռքերի խնամքի, այլ դեմքի համար», – ասում է բժիշկ կոսմետոլոգ Հասմիկ Հարությունյանը, և նշում, որ ավելի հաճախ գալիս են այն ժամանակ, երբ արդեն ոչ թե կոսմետոլոգիական օգնություն է պետք, այլ բժշկական: Հասմիկի խոսքով՝ մաշկի խնամքը տղաների դեպքում ևս շատ կարևոր է, քանի որ նախ՝ խնամքը առողջության գրավականն է, և հետո ցանկացած մարդ խնամված վիճակում ավելի հաճելի է դառնում: Կոսմետոլոգը նշեց նաև, որ մաշկին առավել խնամք է հարկավոր հատկապես աշնանն ու ձմռանը, քանի որ այդ եղանակներին ձեռքերի և դեմքի մաշկի չորացումն ավելի հավանական է:
Տիգրանուհի Թասլակյան