Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ՀԱԿ համակարգողը Սուքիաս Ավետիսյանին. «Այդ գործի քավորության վերջը հայտնի սանամոր կերպարն է լինելու»

Դեկտեմբեր 06,2012 17:14

Օրերս գյումրեցի պատգամավոր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով կիրակի օրը թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրություններին, կարծիք էր հայտնել, թե ՀԱԿ-ը վատ վիճակի մեջ է դնում իր թեկնածուին` Մուրադ Գրիգորյանին: «Այդ տղային 10 տարի պատգամավորության թեկնածու եք դարձնում, ինչ ընտրություն լինում է՝ նրա թեկնածությունը դնում եք ՀԱԿ-ի կողմից:  Բանը հասավ նրան, որ անգամ իր գյուղում Մուրադ Գրիգորյանը պարտվեց: Դնում են վատ վիճակի մեջ, առաջադրում են, բայց ոչ մի բանով չեն օգնում իրենց թեկնածուին»,- ասել էր պատգամավորը:

Պատասխանելով Սուքիաս Ավետիսյանին` Մուրադ Գրիգորյանն ասաց. «Կարդացի Սուքիաս Ավետիսյանի «բացահայտումները», և ի տարբերություն այդ տղայի, ոչ թե բարկությունն է ինձ ստիպում խոսել, այլ ափսոսանքս անձի ու նրա հիշողության նկատմամբ: Նախ ես ԱԺ պատգամավորության թեկնածու 10 տարի չեմ առաջադրվել, առաջին անգամ առաջադրվել եմ 1999 թվականին հայտնի առնետավազքից հետո, որպեսզի Ազգային ժողով սողոսկող առնետների քանակը գոնե մեկով պակաս լիներ: Ընտրարշավ եմ կազմակեպել իմ քաղաքական ու կուսակցական դիրքորոշմանը հավատարիմ: Երկրորդ անգամ առաջադրվել եմ 13 տարի անց` 2012 թվականի մայիսին, եւ այնտեղ , որտեղ իշխանությունը ընտրատարածքը մտածված դարձրել էր քրեածին թատերաբեմ: Շատ հանրապետականներ իջան ջրի հատակը, մինչև անցնի վտանգը, իսկ իշխանությունները դա օգտագործեցին ապաքրեականացման բլեֆով ՏԻՄ ընտրություններ անցկացնելու համար: Առաջադրվել եմ նաև դեկտեմբերի ընտրություններին, երբ տեսա, որ նորից տեղի հանրապետականներին մկան ծակ էին մտցրել, մյուսներին էլ շանտաժով թույլ չտվեցին առաջադրվել: Երեք դեպքերում էլ իմ առաջադրումը փաստարկել եմ առաջին հերթին քաղաքական, հետո նաև մարդկային ու տղամարդկային գործոններով:

Իսկ թե 1990 թվականից սկսած Սուքիասը ինչքան ու ինչու է առաջադրվել, ինքը կիմանա:

2-րդ. իմ առաջադրվելը պաշտպանել ու ինձ օգնել է ՀԱԿ-ը, որը միամտություն էր ունեցել մինչև 1998 թվականը պաշտպանել քեզ` Սուքիաս, ու այսօրվա շատ հանրապետականների` Ձեր խմբակցության ղեկավարով հանդերձ: Իսկ իմ ծննդավայրում` Ախուրիկում, մարզի, քաղաքի , համայնքի գործադիր իշխանություններն իրենց լծակներով ու նենգությամբ, իրավապահ համակարգն էլ վերադիր՝ սկզբունքային որոշում էին կայացրել, որ ես պետք է ստանայի 10 տոկոսից ոչ ավելի քվե, իրականում ստացել եմ 45 տոկոս: Այնպես որ ձեր ախն ու վախը հասկանալի է, մրմուռն էլ `օրինաչափ է:

Ընտրակաշառքի մասով էլ խորհուրդ կտայի պարզել, և համարձակության չափով հայտնել , թե քվեարկությանը նախորդող 15-20 օրերի ընթացքում ինչքա՞ն կոմունալ –կենցաղային ծառայությունների վճարների պարտքեր են փակվել, ո՞ւմ կողմից և ի՞նչ միջոցներով: Նույնը նաև գյուղերում հողի հարկերի պարտքերի փակման մասին է կամ գուցե լսած կլինեք, թե ինչ գործողություններ էին իրականացվում քվեարկությանը կամ դրան նախորդող 2-3 օրերին Գյումրիի մարզադաշտի, Ախուրյանի էներգոցանցի, Ազատանի գյուղապետարանի վարչական շենքերում: Թվարկումը չեմ ուզում շարունակել:
Եվ ամենակարևորը ինչքան հասկացա`քեզ առաջարկել կամ ինքդ քեզ ես առաջարկել քաղաքական հովանավորի դերի համար (քանի որ քաղաքականությունից բավական հեռու են): Ասեմ, որ ջանքդ զուր է (1996 թվականի սեպտեմբերի 26-ը հիշեցի), քանի որ այդ գործի քավորության վերջը հայտնի սանամոր կերպարն է լինելու: Առայժմ այսքանը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31