Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղագետ Արեգ Միքայելյանը՝ բյուջեի քննարկման մասին. Դա անբարոյականություն է

Դեկտեմբեր 06,2012 16:37

Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բյուջեի հաստատման մասին, նշեց. «Երեկ ԱԺ-ում վերջնականապես հաստատեցին բյուջեն, եւ նորից աշխատավարձերի մասին խոսք գնաց: Տարբեր պատգամավորներ ու նախարարներ խոսում էին, թե իրենց աշխատավարձերը դեռեւս ցածր են՝ համեմատած դատախազների աշխատավարձի հետ, որը ավելի քան մլն դրամ է, եւ դեռ հատուկ որոշում կա՝ հետագայում 1,5 մլն դառնալու: Ընդ որում՝ պատգամավորների ու նախարարների աշխատավարձը շուրջ 300000 դրամ է: Դա իրենք ցածր են համարում: Ի դեպ, աշխատավարձերի մասին խոսելիս, ոչ մեկը չհիշեց, որ գիտնականները ստանում են ընդամենը 60000 դրամ, իսկ երիտասարդները նվազագույն աշխատավարձ՝ 32,500»:

Արեգ Միքայելյանը, փաստելով, որ ինքն անձնապես ցածր աշխատավարձի բարդույթ չունի, քանի որ զանազան միջազգային ծրագրերում ընդգրկված եւ դրամաշնորհներ ստացող գիտնական է, նման քննարկումները որակում է անբարոյականություն. «Այս պարագայում խոսել ցածր աշխատավարձի մասին, առնվազն անբարոյականություն է, եթե համեմատելու լինենք նախարարների, պատգամավորների ու գիտնականների աշխատանքը, կտեսնենք, որ գիտնականն իր աշխատանքի բարդությամբ, պատրաստվածությամբ բացարձակապես չի զիջում ոչ նախարարին, ոչ էլ պատգամավորին, դեռ մի քանի գլուխ էլ բարձր է նրանցից, մինչդեռ 5 անգամ պակաս է ստանում: Իսկ պատգամավորներն ի՞նչ են անում՝ հիմնականում նստում, լսում, քվեարկում են, դա՛ է ամբողջ գործը: Իսկ գիտնականը մեկ հետազոտության համար 10 անգամ ավելի շատ նյութեր է հավաքում, պրպտում , գրականության հետ է ծանոթանում: Երեկվա այդ խոսակցությունը լսելուց ավելի լցվեցի համոզմամբ, որ գիտնականը պետք է ավելի բարձր ստանա, քան դատավորներն ու դատախազները: Եվ դա պետք է կարգավորվի մեր երկրում: Չի կարելի այն սկզբունքով գործել, թե աշխատավարձը բարձրացնենք, որ չչարաշահեն: Եթե գիտնականը չի չարաշահում, պիտի ցա՞ծր ստանա: Հենց այդ վերաբերմունքը չարաշահում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31