«Հայաստանի համար բացարձակապես անիմաստ է գտնվել որեւէ վերպետական կազմավորման շրջանակներում, այս տեսանկյունից հավասարապես դատապարտելի են թե Եվրասիական միության ստեղծմանն ուղղված քայլերը եւ թե նրանք, որոնք մեզ բավականին նվաստացուցիչ պայմաններով դարձնում են Եվրոպայի հարեւան, հետագայում՝ մեկ այլ կազմավորման մեջ մտնելու հեռանկարով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը:
Աղայանի խոսքով նույնիսկ մեր ժողովրդագրական խնդիրները նման չեն եվրոպական կամ ռուսական ժողովրդագրական խնդիրներին, եւ մեր անվտանգության խնդիրներն էլ առանձնահատուկ են: Ըստ նրա՝ բոլոր առումներով, մեզ համար անհրաժեշտ է բացարձակ ինքնիշխանություն եւ այդ ինքնիշխանությունից որեւէ գրամ պակասելու դեպքում Հայաստանի հնարավորությունները բազմապատիկ թուլանում են. «Հավասարապես դատապարտելի են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, կամ բոլոր այն կուսակցությունների գործողությունները, որոնք իրենց դրոշների վրա արդեն Եվրոպական աստղեր են նկարում, կամ ժամ առաջ ձգտում ինտեգրվել տարբեր Եվրոպական կառույցներում ու դա ձեւակերպում իբրեւ Եվրոպական կամ Եվրասիական կողմնորոշմամբ: Այս գործողությունները բոլոր կուսակցությունների, եւ ըստ էության, Հայաստանի վերնախավի վարքագիծը բացարձակ մերժելի է ու այն պետք է դադարեցնել»:
Աղայանին զայրացնում է հատկապես այն, որ փորձ է արվում ինտեգրվել տարբեր միություններում. «Հասկանալի է, որ Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ փորձում են ինտեգրել, եւ որ այս նախաձեռնությունը ո´չ Երեւանից է գալիս, ո´չ էլ Բաքվից: Բայց մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ինտեգրացիոն համակարգում էլ լինելու են թշնամիներ: Եվ մեզ, ըստ էության, պարտադրվեու է թշնամիների հետ անհասկանալի պայմաններով հաշտություն: Այսինքն՝ պարտադրվելու է վնասակար պայմաններով հաշտություն. ինտեգրում այն տարածաշրջանի մեջ, որը գերազանցապես թուրքական է: Հայաստանը պետք է չմիավորված երկիր լինի, պետք է լինի բացարձակապես անկախ ու չի կարելի մտնել մի միություն, որը քեզ հատվածական դաշտ է տանում»,- ավելացրեց Աղայանը շեշտելով, որ Հայաստանը պետք է անհատական համագործակցություն ունենա շատ երկրների հետ, իր կոնկրետ շահերից ելնելով: Եվ այս տեսակետից՝ մերժելի է որեւէ վերպետական կազմավորման մեջ ինտեգրվելը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ