«Մեր բարեկամներին, իսկապես, հաջողվել է հավասարակշռված մի փաստաթուղթ ներկայացնել, որը շատ հարմար պլատֆորմ է, որովհետեւ զերծ է գաղափարական ինչ-որ վեճեր հարուցելու խնդրից եւ կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքական ուժերի մի լայն սպեկտոր միավորվի դրա շուրջ»,- այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ ելույթ ունենալով ՀՅԴ-ի կազմակերպած «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» համաժողովի ժամանակ: Ռուբինյանը կիսում է դաշնակցական բանախոսների այն կարծիքը, որ միասնությունը նաեւ հասարակության ցանկությունն է եւ համամիտ է, որ այժմ հիասթափության եւ անհուսության այնպիսի մթնոլորտ է, որ պատրաստ ենք կառչելու ցանկացած շանսից՝ դուրս գալու համար քաղաքական զարգացման ներկայիս փակուղուց:
ԱԺ նախկին փոխխոսնակը, սակայն, որոշ վերապահումներ ունի ու միավորվելու հետ կապված խնդիրներ է տեսնում. «Այնուհանդերձ, անհասկանալի է, որ եթե ինչ-որ հրաշքով տեղի ունենա նման մի կոնսոլիդացիա եւ սկսվի պայքարը՝ Հայաստանի ժողովրդավարացման եւ ազատականացման համար՝ քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ, հետո գալիս եւ դեմ ենք առնում հերթական խայտառակ, կեղծված ընտրություններին եւ, ի վերջո, ավտոմատի փողին են դեմ տալիս ժողովրդին՝ ի՞նչ ենք անելու այդ ժամանակ»:
Չնայած Ռուբինյանը մշտապես փաստել է եւ այժմ էլ այդ կարծիքին է, որ ընտրությունը պետք է թողնվի իշխանությունը բռնազավթածներին ու եթե կրակելու խնդիր առաջանա՝ իրենց որոշելիքն է:
Կարդացեք նաև
ԱԺ նախկին փոխխոսնակին նաեւ հետաքրքրում էր, թե գործուն ի՞նչ երաշխիքներ պետք է ստեղծվեն, երբ միավորումը կայանա, որպեսզի իրապես ժողովրդավարական ընտրություններ լինեն. «Ճիշտ եք ասում, առայժմ անձերից չխոսենք, բայց այդ անձերը, որ պիտի իրենց մասնակցությունը բերեն, պիտի համոզված լինեն, որ արդար մրցակցության արդյունքում կարող են հաղթել: Եվ հաղթելուց հետո, բոլոր միավորված ուժերն ընդունելու են այդ թեկնածուին»: Եվ եթե երջանիկ պատեհությունը լինի եւ այս ծրագիրն իրականացվի, ի՞նչ երաշխիքներ պիտի ստեղծվեն, որ նախագահ դարձած թեկնածուն իսկապես կիրականացնի ճանապարհային քարտեզը՝ տառ առ տառ, բոլոր նախանշված ժամկետներում. «Ինքներդ էլ գիտեք, որ իշխանական լծակները ստանձնելուց հետո կան եւ գայթակղություններ, եւ լծակներ՝ տարբեր խառնակչություններ անելով այդ ծրագիրը խափանել եւ դրա համար օբյեկտիվ հիմք ստեղծել»:
Այնուհանդերձ, Ռուբինյանը կոչ արեց սատարել այս ծրագրին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ