Վրաստանի հայաշատ Ախալցխա քաղաքում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ակցիայի կազմակերպիչը «Միաբանություն հանուն հասարակայնության իրավունքների» կազմակերպությունն է, որի ակտիվիստները վրան են խփել քաղաքապետարանի շենքի առջեւ, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է իր ստորագրությունը թողնել պահանջագրի տակ։
Կազմակերպության Ախալցխայի շրջանային կառույցի ղեկավար Գուջա Բիճաշվիլին հայտնել է, որ վրանը այդտեղ կմնա երկու շաբաթ, զուգահեռաբար ստորագրահավաք կանցկացվի նաեւ ըստ բնակավայրի։ Մինչ այժմ կազմակերպությունը արդեն հավաքել է 800 ստորագրություն։
Ախալցխան առաջին քաղաքն է, որտեղ «Միաբանություն հանուն հասարակայնության իրավունքների» կազմակերպությունը գրասենյակ է բացել։ Կազմակերպության նախագահ Միխայիլ Անդղուլաձեի խոսքերով` տարածաշրջաններում լայնամասշտաբ ակցիա է սկսվում։
Կարդացեք նաև
«Երկրում պետք է հաստատվի մեկ իշխանություն։ Վրաստանը ընտրել է մեկ իշխանություն, եւ երկրորդը նրան պետք չէ», – հայտարարել է Անդղուլաձեն։
«Ազատություն» ռադիոկայան