Լրահոս
Օրվա լրահոսը

Անեծքներ ու կյանքից զրկելու սպառնալիքներ` Շիրակի դատարանում

Դեկտեմբեր 06,2012 15:53

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը, որը, ինչպես տեղեկացրել ենք, մոտենում է ավարտին: Երկու օր առաջ` նախորդ դատական նիստի ժամանակ զինվորական դատախազությունը 7-8 տարի պահանջեց 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի ու Ռազմիկ Սարգսյանի համար:

Նշենք սակայն, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, 4 տարի քննելով այս գործը, չկարողացավ ապացուցել երիտասարդների մարդասպան լինելը, ավելին, դեռևս 2006 թվականին Վճռաբեկ դատարանը հիմնավորված չհամարելով երիտասարդների մեղքը` նրանց ազատ էր արձակել դատարանի դահլիճից:

Դատախազներն էլ, չկարողանալով դատարան հրավիրել «Գել» մականունով հրամանատար Իվան Գրիգորյանին, որին և կասկածում են այս հանցագործությունը կատարելու մեջ, այնուամենայնիվ պատիժ պահանջեցին 9 տարի շարունակ դատվող այս երիտասարդների համար:

Այսօր աննկարագրելի լարված իրավիճակ էր դատարանում, դահլիճում նստելու տեղ չկար, ամբաստանյալների հարազատները չէին կարողանում զսպել իրենց` անընդմեջ անեծքներ, ռեպլիկներ էին հնչեցնում:

Վերջին ճառով հանդես եկավ սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի մայրը, որն ասաց. «Հարգելի դատարան, ես ուզում եմ, որ մի մեղադրանք էլ իմ կողմից առաջադրվի, թող մարդասպանները հայտնվեն ճաղերի հետևում: Ինչքան էլ Ռազմիկը պնդի, որ իրեն ծեծելով ստիպել են ցուցմունք գրել ու սպանության մեղքը իր վրա առնել, միևնույն է, եթե մարդը ներկա չլիներ, այդպես մանրամասն չէր կարող պատմել Ռոմանի սպանությունը: Ամենավերջին պատիժն եմ պահանջում, եթե օրենքը չպատժի , խոստանում եմ` ես կպատժեմ: Իմ երեխան 19 տարի ապրել էր առանց դիմացիններին վնաս տալու, դաստիարակված էր ապրում: Իրենք քայլեր արել են ինձ լռեցնելու, բայց ես չեմ ծախվել և չեմ ծախվում: Չմտածեք գյուղացի կին եմ, ոչինչ չեմ հասկանում, ինձ հարցնում են` լավ նայի էս էրեխեքի դեմքերին` մի՞թե էդքան մարդասպանի նման են, Աստված մարդասպանին չի ստեղծել ուրիշ դեմքով»:

Ի տարբերություն այս տիկնոջ, սպանված մյուս զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը խորը կասկածով է վերաբերվում այս 3 երիտասարդների մարդասպան լինելուն: Նա չէր ներկայացել այսօր, դատախազությունից վերցրել էր մեղադրանքը ` մանրամասն ծանոթանալու ու նոր միայն իր վերջին խոսքը հնչեցնելու համար:

Դատը այդ պատճառով հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը: Եվ երբ դատն ավարտվեց, դահլիճում անկառավարելի մի իրավիճակ ստեղծվեց. ամբաստանյալների հարազատները անեծքներ տեղացին սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի մոր հասցեին: «Գետինը մտնես, ծախու, ինչո՞ւ ես փախչում դատարանի հետևի կողմից, եթե ազնիվ ես, արի մեր մոտից անցի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31