Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյան. «Ինչո՞ւ են մեզ անպայման ուզում մտցնել ինչ- որ միությունների մեջ»

Դեկտեմբեր 06,2012 15:38

«Ադրբեջան պետությունը դա իսկապես նացիստական ցեղապաշտական գոյակցություն է, որտեղ հայ լինելը, հայկական ծագում ունենալը համարվում է հանցագործություն: Եթե անգամ Ֆիլիպինների քաղաքացին գա Ադրբեջան ու պարզվի, որ հայկական ազգանուն ունի, թեկուզ ինքն էլ տեղյակ չլինի ու Հայաստանի մասին անգամ քարտեզով չիմանա, նրան նույնիսկ այդ դեպքում կնստեցնեն ինքնաթիռ ու հետ կուղարկեն: Ցանկացած միջոցառում, որին հայկական ազգանունով մարդ է լինում՝ բոյկոտվում է: Սաֆարովի դեպքը ցույց է տալիս, որ հային ցանկացած ձեւով սպանելը հերոսություն է, այստեղ լուրջ ինստիտուտներ են աշխատում, որոնք համոզում են, որ կա համաշխարհային հայկական դավադրություն, դրանք բացարձակապես կապկում են նացիստական հակահրեական պրոպագանդան, պարզապես հրեա բառը փոխարինելով հայ բառով: Իսկ ինչպե՞ս է լուծվում հրեական հարցը նացիստի կողմից՝ բոլորս էլ գիտենք: Ադրբեջանը փաստացի դոմինանտ մեկ կուսակցությունով պետություն է եւ այդ ամբողջ նացիստական քաղաքականությունը կրում է «Ենի Ադրբեջան» կուսակցությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բլոգեր Արմեն Հովհաննիսյանը՝ դատապարտելով Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովին ՀՀԿ-ի մասնակցությունը:

Եվրասիական միության մեջ մտնելը, ըստ Հովհաննիսյանի, պատիվ չի բերում որեւէ քաղաքական ուժի, առավել եւս այնպիսի մեկի, որը գտնում է, թե պատասխանատվություն է կրում Հայաստանի համար: Բացի այդ՝ «Իսկ ո՞վ է հարցրել մեր քաղաքացուն, ո՞վ է քննարկել, թե որքանո՞վ է դա համապատասխանում մեր շահերին: Ի՞նչ է Եվրասիական միությունը, երբեւէ դա մեր մոտ քննարկվե՞լ է, որ իմանանք: Ինչո՞ւ են մեզ անպայման ուզում մտցնել ինչ -որ միությունների մեջ: Փաստորեն՝ անպայման ուզում են այնպես անել, որ մեր ճակատագիրը որոշենք ոչ թե մենք, մեր ընտրված ներկայացուցիչների միջոցով, այլ որոշեն ուրիշ մայրաքաղաքներում»,-ավելացրեց Հովհաննիսյանը, նշելով, որ ինքն այդ ամենի իմաստը հասկանում է, բայց համարում՝ շատ վտանգավոր:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31