20-ամյա ՎԵլիզն այն մարդկանց թվին է պատկանում, ովքեր մանկուց երազել են դառնալ երգչուհի: Նա մեզ պատմեց, որ սկզբում երկմտել է` ընտրե՞լ այդ ճանապարհը, թե՝ ոչ. «Ես գիտեի այդ գործի մասնագիտական բարդությունները, սակայն իմ կողքին եղան մարդիկ, ովքեր ոգեշնչեցին, որպեսզի գնամ այդ ուղով: Նրանցից ամենաառաջինը հայրս էր, ով մինչեւ հիմա կողքիս է»:
ՎԵլիզը սկզբում ընդունվել է Երգի պետական թատրոն, իսկ մեկ տարի անց, դրան զուգահեռ, ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսրվատորիա. «Երկու տարի անց ինձ միացավ նաեւ ամուսինս` Վարդգես Մանուկյանը, ով էլ դարձավ իմ պրոդյուսերը»:
Այսքանից հետո սկսվել է երգչուհու գործունեությունը: Ձայնագրվել է առաջին երգը, որը կոչվում է «Բարեւ արեւ»: Հետագայում նկարահանվել է դրա տեսահոլովակը: Ռեժիսորը Վարդգես Մանուկյանն է, իսկ բառերի հեղինակը` Նանե Գրիգորյանը:
«Երգը սպասվածից ավելի մեծ արձագանք ունեցավ: Դրանից հետո մեզ միացավ ոգեշնչողների ավելի մեծ բանակ եւ մենք հետամուտ եղանք երկրորդ երգի ստեղծմանը»,- ասում է ՎԵլիզը:
Երկրորդ երգը կոչվում է «Երբեք մի ասա երբեք»: Այս անգամ եւս ռեժիսորը երգչուհու ամուսինն է, երաժշտության հեղինակը Անդրուշ Բաբաքորբան է, իսկ բառերը գրել է հենց ՎԵլիզը. «Այս երկրորդ երգը արդեն հասցրել է երկրպագուներ ունենալ, եւ ես շատ ուրախ եմ դրա համար: Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իմ նորահայտ երկրպագուներին գոհացնեմ: Երգի տեսահոլովակը մոնտաժային փուլում է»:
Երիտասարդ երգչուհին կարծում է, որ ամեն մարդ պետք է տարբերի իր անձնականը` գործնականից, եւ ինչպես ՎԵլիզն ասաց` իրենց մոտ դա ստացվում է. «Ճիշտ է` մեր գործում տիրում է ընտանեկան մթնոլորտը, բայց դա չի խանգարում աշխատանքին, իսկ բացի մեզանից, ում հետ մենք աշխատում ենք, լրիվ գործանական է դառնում»:
Արամ Արարատյան