Այսօր ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ բազմաթիվ բիզնեսներ ունի: Հարցին՝ այսինքն պատգամավոր եք եւ բիզնեսո՞վ եք զբաղվում՝ նա հորդորեց մոռանալ այդ հարցը, քանի որ դա անցյալ տարվանից, ըստ իրեն, բոլոր լրագրողներն արդեն մոռացել են. «Խորհուրդ կտամ դուք էլ չհիշեք, որովհետեւ ես բազմիցս ասել եմ՝ բիզնեսմենները էս երկրի թշնամին չեն, նախ՝ առաջինը: Երկրորդը՝ բիզնեսով զբաղվելը դա անբարոյականություն չի, երրորդը՝ մենք մեր բիզնեսները տվել ենք կառավարման: Իհարկե, ունենք սեփականություններ: Ինչ է, դուք ուզում եք անպայման բոլորը լինեն…գիտեք չէ՞, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Եվ այսօր, երբ որ ես դառել եմ պատգամավոր, բնականաբար, ապահովել եմ ինձ, հետո եմ դառել, որպեսզի հանգիստ խղճով կարողանանք մասնակցել երկրի գործունեությանը»:
Լրագրողները հետաքրքրվեցին, որ եթե պատգամավոր դառնայիք 250 հազար դրամ աշխատավարձով ու դրա հույսին լինեիք, դա ձեզ ինչ-որ կերպ կխանգարե՞ր՝ Արագած Ախոյանը վստահեցրեց, որ 250 հազար դրամով աշխատող պատգամավորներն ավելի լավ են աշխատում: Հարցին՝ չե՞ք մտածում, որ մեր ժողովրդին հենց նման պատգամավորներ են պետք՝ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մտածում եմ: Բայց երբ որ կգտնեք էդքան պատգամավոր եւ երբ որ ես ինքս կզգամ, որ վերջին հնգյակի մեջ եմ խորհրդարանում, հաստատ ես էլ խորհրդարան չեմ գա»:
Հարցին, եթե Դուք փող չունենայիք, պատգամավոր չէի՞ք դառնալու՝ նա վստահեցրեց, որ փող ունի այնքան, ինչքան պետք է՝ միջին կարգի ապրուստի համար. «Ասեմ՝ ունեմ «Տոյոտա 200 Լենդ Կրուիզեր», ունեմ «Կամազ», կռան, տրակտոր, լիքը, ամեն ինչ ունեմ: Էդ իմ սեփականությունն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ