Երեկ Բրյուսելում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:
Aravot.am-ը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյոք այս հայտարարությունը դիտարկել որպես առաջին քննադատությո՞ւն՝ ուղղված ՀՀ գործող նախագահին, թե՞ թիրախն այլ է:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Քանի որ վարչապետն էր վերջերս հակակոռուպցիոն թեմաներով խոսում, առայժմ ավելի շատ տեսանելի է, որ հայտարարության թիրախը վարչապետն է: Դե, եթե նախընտրական շրջան է և հայտարարությունը ըստ էության վերաբերում է կոռուպցիային, որի թեման ակտիվացրել է վարչապետը, ապա կարելի է ենթադրել, որ կառավարության փոփոխության խնդիր է դրված»:
«Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, լսելով հարցը, նախ արձագանքեց, թե «Գագիկ Ծառուկյանը հրեշտակ է դարձել», հետո էլ մանրամասնեց. «Բազում անգամ նշել եմ, որ Գագիկ Ծառուկյանը և մի երկու տասնյակ օլիգարխներ, ովքեր մոնոպոլիզացիայի են ենթարկել հանրապետության հարստությունը, դրանց առաջին հնգյակում Գագիկ Ծառուկյանն է: Թող ինքը գա, ես իրեն ապացուցեմ, որ բարեգործություն է անում, դրանք ինչ գումարներ են, կամ նրա ունեցած- չունեցածը Եվրոպայում: Մենք դեռ կասենք այդ մասին, թե ով ինչ ունի, թե ինչպես շարքային ոստիկանից կարճ ժամանակում դարձան միլիարդատեր…. Դրանց թվում է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն երկու տասնյակը, որոնց անունը չենք տալիս, այլ փաստերն ենք ներկայացնելու: Անկախ նրանից, թե քանի տասնյակ թիվ են նկարում կուսակցության շարքերում, դա արվում է գողացված, թալանված ֆինանսների հաշվին, այնտեղ կուսակցություն չկա»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով բուն հայտարարությանը՝ պարոն Մարգարյանը մեկնաբանեց. «Հիմա Եվրոպայում և հատկապես Ռուսաստանում լուրջ գործընթաց է սկսվել: Մոսկվայում չեն նայում պաշտոններին, գնում է հակակոռուպցիոն հսկայական մեծածավալ աշխատանք: Սա արվում է միասնական Եվրոպայի մի շարք պետությունների հետ միասին: Եվրոպան և Ռուսաստանը հասկացել են, որ եթե չկանգնեցնեն կոռուպցիոն պրոցեսները, ապա դա կվտանգի պետականությանը, ազգային անվտանգությանը: Ծառուկյանը վերջերս եղել է Մոսկվայում, հասկացել է, որ այնտեղ լայնածավալ պետական ծրագիր կա կանգնեցնել կոռուպցիան: Հիմա այդ արձագանքն է: Դրանով ուզում է Սերժ Սարգսյանին պարտադրել իր հետ հաշվի նստել: Մյուս տարբերակն այն է, որ հասարակ ժողովրդին, ում աչքերին փոշի է շպրտում իր գողացած փողերի մի մասով, ասի, թե ինքն ազնվագույն մարդ է, թե ասում է, որ կոռումպացված է ռեժիմը…. Բա ինքը ռեժիմի անդամ է եղել, հիմա էլ է անդամ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ