«Սրտի խոր ցավով տեղեկացանք որ ՀՀԿ-ն հերթական անգամ դավաճանեց իր հիմնադիր Աշոտ Նավասարդյանի սկզբունքները: Հայկական քաղաքական էլիտայում լինի ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, Եվրասիական ինտեգրացիային բավական նորմալ են վերաբերվում ու ակտիվ մասնակցում Եվրասիական ինտեգրացիայի տարածմանը Հայաստանում. սա առաջին դեպքը չէ, բայց մի կարեւոր սկզբունք է խախտվել ազգային առումով, համաձայնագրի մեջ ստորագրություն է դրվել մի կուսակցության անվան հետ, որի գաղափարախոսության հիմքում ընկած է հայ ազգի ոչնչացումը, դա Ալիեւի «Ենի Ադրբեջան» կուսակցությունն է»,-այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Հայազն» միության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը՝ դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովին ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ:
«Մեր կարծիքով՝ ադրբեջանական որեւէ քաղաքական ուժի հետ համաձայնագրի տակ ստորագրելը հավասարազոր է այդ ուժի՝ մինչ այդ հնչեցրած կարծիքների հետ համաձայն լինելուն»,- համոզված է Մկրտչյանը: Նա նաեւ հայտնեց, որ «Ենի Ադրբեջանը» այն ուժն է, որն ամիսներ առաջ արդարացրեց ու հերոսի կոչում տվեց Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին, եւ դա այն ուժն է, որը ոչ միայն հակահայկական է, այլեւ նույնիսկ իր երկրի ներսում է բռնատիրական ռեժիմին կողմնակից ու ամբողջ աշխարհում հայտնի՝ իբրեւ ադրբեջանական բռնապետական ռեժիմի քաղաքական կառույց:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ