«Պատմաբանը պատմությունը գրելիս հիմնվում է պետական փաստաթղթերի վրա: Էդիկ Մինասյանը գրել է պատմությունը՝ հիմնվելով «Մարտի 1-ի» Նիկոյանի հանձնաժողովին»,- այսօր Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շենքի առջեւ «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին հանգստացնում էր ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը: Նա հավաքվածներին ասաց, որ Նիկոյանի հանձնաժողովի փաստաթղթերը պատմության ֆակուլտետում պահպանված են եւ հորդորեց վերեւ բարձրանալ ու ցույց կտա նրանց:
«Նիկոյանի հանձնաժողովի եզրակացությունը քննադատվել է ԵԽԽՎ- ի բանաձեւերում, որ Նիկոյանի հանձնաժողովը միակողմանի է: Այսինքն Նիկոյանի հանձնաժողովի հիման վրա պատմություն գրելը միակողմանի է»,- հավելեց զոհերի հարազատներից մեկը:
Ռեկտորի օգնականն էլ հավելեց, որ պատմության դասագրքում քննադատություն կա նաեւ իշխանության հասցեին: Իսկ հավաքվածները հավելեցին, որ իրենց չի հետաքրքրում, թե ում հասցեին ինչ քննադատություն կա. «Ինչու չեն գրում, որ արգելված զենք է օգտագործվել»:
Կարդացեք նաև
Պատմության ֆակուլտետի շենք շտապող մի կին էլ, որը չներկայացավ, նախքան շենք մտնելը պատմության ֆակուլտետի դեկանի գովքը արեց ու վեճի բռնվեց «Մարտի 1-ի» զոհերի հարազատների հետ. «Ի՞նչն է սխալ գրել: Մարտի 1-ին երկուստեք հարձակում է եղել»:
«Իմ տղայի զենքը ցույց տուր «Չերյոմուխա 7»-ի դեմ»,- վրա տվեց Ա. Քլոյանը: Հետո հավելեց. «28 տարեկան ձեր երեխաները լինեին, տեսնեմ պատմություն կգրեիք»:
Հարազատների եւ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ հանդիպումը ռեկտորի օգնականն այդպես էլ չկազմակերպեց, չնայած բողոքի ակցիայի սկզբում մի քանի անգամ հորդորում էր վերեւ բարձրանալ: Հանդիպումը, բուհի ռեկտորատը նախատեսել էր առանց լրագրողների, ինչին «Մարտի 1-ի» զոհերի հարազատները չհամաձայնեցին:
Ռեկտորի օգնականն ասաց, որ ԵՊՀ-ում միջոցառումներ լուսաբանելու համար մեկ օր առաջ են նախապատրաստվում տեղ հատկացնելու համար:
Ի դեպ, բողոքի ակցիայի ժամանակ, բուհից ուսանողների ելումուտն արգելված էր: Պատճա՞ռը: Ըստ ռեկտորի օգնականի. «Ո՞վ ասաց, նման բան չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ