Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու խոսուն փաստ՝ երգչուհիների մասին

Դեկտեմբեր 06,2012 14:42

Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Քրիստինե Սահակյանի եւ Մագդա Մկրտչյանի  հաջողությունները «պարկում չես թաքցնի»

Հայաստան ժամանած հյուրախաղորդ արվեստագետները մշտապես շեշտում են մեր հանդիսատեսի, այդ թվում՝ մասնագետների խստապահանջությունն ու գիտակ լինելը: Բայց, չգիտես ինչու, հայաստանյան համերգների կամ այլ միջոցառումների ժամանակ մասնագետները դառնում են ոչ թե խստապահանջ, այլ անհարկի քննադատներ: Ասվածի հաստատումն է, օրինակ, մի քանի տարի երգեցողություն անվանակարգում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ չշնորհելը:

Հաճախ էլ մասնագետները ծայրահեղությունների մեջ են ընկնում եւ արտերկրից վերադարձած մեր երաժիշտների հաջողություններին քամահրանքով վերաբերվում՝ իբր պատկերավոր ասված՝ «Այնտեղ գյուղից մարդ չկար, կարելի է գլուխ գովել»:

Օրերս արտերկրում Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Քրիստինե Սահակյանի եւ Մագդա Մկրտչյանի  հաջողությունների մասին վկայող փաստերը որոշեցինք ներկայացնել առանց նրանց հետ զրուցելու:

Երեւանի օպերային թատրոնի տնօրինությունը ստացել է շնորհակալական գրություն, որում նշվում է Քրիստինե Սահակյանի՝ Աստանայի Խաղաղության պալատում ունեցած բարձրարվեստ ելույթի մասին: Ըստ այդ նամակի,  համերգից հետո, այլ շնորհավորանքների թվում երգչուհին դրվատանքի խոսքեր է լսել Ղազախստանի մշակույթի փոխնախարարից: Վերջինիս հատկապես հիացրել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից Ալմաստի արիայի սահակյանական մեկնաբանությունը:

Նշենք, որ երգչուհին Աստանայում հանդես է եկել ՌԴ «Սոդրուժեստվո» պետական համերգային ընկերության միջազգային նախագծի շրջանակներում, «Կուլտուրա» հեռուստաալիքով էլ ակնդիրը եղանք վերջերս Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ դահլիճում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան) եւ երգչուհի Մագդա Մկրտչյանի մեկնաբանությամբ՝ հազվադեպ կատարվող Շուբերտի Դո մաժոր կանտատի մեծակտավ ստեղծագործության կատարմանը: Ավարտից հետո հանդիսատեսը քանիցս բեմ էր հրավիրում երգչուհուն, ու ծափահարությունները չէին դադարում:

Հիշյալ ստեղծագործության մենակատարի պարտիան պահանջում է լիրիկայով եւ դրամատիզմով «համեմված» լայն դիապազոն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31