Դանիայի Թագավորական գրադարանը խիստ քննադատության է արժանացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական տարբերակի ցուցահանդեսն անցկացնելու համաձայնությունը տալու համար: Գրում է «Կոպենհագեն պոստ» թերթը: Գրադարանը ընդառաջել է Դանիայում Թուրքիայի դեսպանին, որպեսզի նա «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսի, որն այժմ ցուցադրվում է գրադարանում, թուրքական տարբերակը ներկայացնի, ինչն արժանացել է մի շարք շրջանակների քննադատությանը, այդ թվում` քաղաքական գործիչների, պատմաբանների եւ Դանիայում Հայաստանի դեսպանատան:
«Սա Թուրքիայի ճնշման արդյունքն է: Առանց այս երկու դեպքերը համեմատելու. սա, նույն բանն է, ինչ նեո-նացիստներին առաջարկես Հոլոքոստի մասին ցուցահանդես կազմակերպել»,- ասել է Դանիական ժողովրդական կուսակցության խոսնակ Սյորեն Էսպերսենը «Բյերլինգսկե» թերթին: Պատմաբան եւ Հայոց ցեղասպանության գծով մասնագետ Մաթթիաս Բյորնլանդը ապշած է գրադարանի նման որոշումից: «Եթե հավատում եք, որ պատմության բոլոր տարբերակները հավասար են, ապա խաթարում եք ձեր հետազոտական ինստիտուտի դերը,- ասել է նա «Բյերլինգսկե» թերթին,- դա ցեղասպանություն էր, եւ այս պատմության ոչ բոլոր մեկնաբանություններն են ճշմարտացի»:
Թագավորական գրադարանի տնօրեն Էրլանդ Քոլդինգ Նիլսենը հերքել է, որ նրանք այդ քայլին են գնացել թուրքական կողմի Ճնշումների պատճառով: «Ոչ ոք չի կարող ճնշել մեզ, եւ մենք չենք ասել, որ հեռացնում ենք հայկական ցուցահանդեսը: Մենք պարզապես հնարավորություն ենք տվել նրանց ցուցադրելու իրենց այլընտրանքային ցուցահանդեսը»,- ասել է Նիլսենը «Բյերլինգսկե» թերթին:
Հ. ԻՇԽԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ