Սարգիսը շարունակում է մնալ ոտնահարված իրավունքներով
Վարչական վերաքննիչ դատարանում մերժվեց Սարգիս Մելիքյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ), այն մասին, որ անվավեր ճանաչեն ՄՊԾ-ի որոշումը Սարգիսի՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին եւ որպես բարենպաստ վարչական ակտ՝ վերականգնեն նրա փախստական լինելու հանգամանքը: Դատավարություններն անցկացվեցին դատավոր Աշոտ Ղարիբյանի գլխավորությամբ: Սարգիսի ներկայացուցիչ Աստղիկ Ջանիկյանը մանրամասն ներկայացրեց Սարգիսի՝ տարիներ շարունակ փախստական լինելու եւ կարգավիճակ ստանալու մասին փաստերը: Ներկայացվեց նաեւ, թե վարչական դատարանում օրենքի որ հոդվածներն են շրջանցվել կամ անտեսվել, սակայն, չնայած դրան, այդուամենայնիվ վերաքննիչ դատարանում նույնպես հայցը մերժվեց: Այս պահին Սարգիսն ամբողջովին հիասթափված է, քանի որ չկա այնպիսի մի «օղակ», որ նա վստահ լինի՝ կօգնեն իրեն: Ոտնահարվում են նրա իրավունքները, բացահայտ անտեսվում սոցիալական ծանր վիճակը: Այդ մասով Սարգիսի ներկայացուցիչ Աստղիկ Ջանիկյանն ասաց. «Պարզապես անօրինականություն է: Մենք ներկայացնում ենք օրենքներն ամբողջ ճշգրտությամբ, որն անգամ երեխային է հասկանալի եւ պարզից էլ պարզ նկատվում է, թե ինչքանով ենք ճիշտ»: Սարգիսը մտածում է փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դիմել նաեւ Վճռաբեկ դատարան, սակայն նա այլեւս ոչ մի վստահություն չի հայտնում այդ մասով: Աստղիկ Ջանիկյանն իր հերթին նշեց, որ փախստականի երկու հայցով դիմել էին Վճռաբեկ դատարան՝ գործով Արամայիս Մակիչի Գազարյանի եւ Խաչատուր Գրիգորի Դաշյանի: «Իրենց փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դիմեցինք Վճռաբեկ դատարան, սակայն հայցը ետ վերադարձվեց՝ վարույթի չընդունվեց»,- նշում է Աստղիկ Ջանիկյանը: Փաստացի, Սարգիսի մտավախությունները տեղին են, նա ինքն էլ սրտնեղում է, որ իր հայցն էլ չի ընդունվի եւ այդպես էլ կմնա ոտնահարված իրավունքներով:
Սարգիսն ապրում է Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում: Փոքրիկ սենյակում ապրում են Սարգիսի հայրը, մայրը, Սարգիսի կինը եւ նրանց մեկ տարեկան երեխան: Ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում, իսկ փոքրիկ երեխային խնամել է պետք: Սարգիսին պետք է անձնագիր, որպեսզի կարողանա աշխատանքի անցնել, ազատ տեղաշարժվել: Այդ պայմաններում անհրաժեշտ է պետության ուշադրությունը, որպեսզի մարդիկ չհայտնվեն «անդունդի եզրին»: Ինչ է նշանակում՝ զրկել մարդուն իրավունքներից եւ թողնել նրան հնարավորինս վատթարացող վիճակում: Արդյո՞ք այդ պայմաններում մարդը կարող է իր մեջ այնքան ուժ գտնել, որ շարունակի հավատով եւ սիրով ընկալել իրականությունը: Սարգիսի դեպքում իրականությունը չափից ավելի դառն է: Անտեսվում է նրա մարդկային որակը դեռ երիտասարդ տարիքում եւ աջակցելու փոխարեն՝ հնարավորինս արհեստականորեն ճնշում գործադրվում հոգեբանական վիճակին:
Հիշեցնենք, որ Սարգիսի՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման մեջ ՄՊԾ-ն գրառել էր, որ նրա ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ Սարգիսի 14 տարին լրացած չի եղել: Դա ՀՀ քաղաքացիության մասին օրենքի պահանջն է, սակայն անտեսվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածն ամբողջությամբ, որտեղ հստակ գրված է, թե անձը որ դեպքում է կորցնում փախստականի կարգավիճակը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այդ կոնվենցիայից եւ ոչ մի նշում չի եղել կարգավիճակը դադարեցնելու մեջ, սակայն բոլորիս է հայտնի, որ եվրոպական կոնվենցիան ավելի հզոր է ՀՀ օրենսդրությունից: Նշենք նաեւ, որ Սարգիսի՝ փախստականի կարգավիճակը դադարեցվել է միայն 2011 թվականին, իսկ մինչ այդ նա օրենքի սահմաններում ստացել է փախստականի վկայական, փախստականի ճամփորդական փաստաթուղթ: Ծնվել է 1988 թվականին: Միայն տասնյակ տարի անց ՄՊԾ-ն հասկացել է, որ օրենքի խախտում է արել եւ դադարեցրել է Սարգիսի փախստականի կարգավիճակը: Հետաքրքիրն այն է, որ ՄՊԾ-ի կողմից ներկայացուցիչը դատարանում շեշտում է, որ օրենքի սահմաններում տրամադրվել է փախստականի կարգավիճակ, որից հետո ավելացնում է, թե օրենքի սահմաններում էլ դադարեցվել է Սարգիսի կարգավիճակը: Նկատենք, որ օրենքը չի կարող սահմանի կարգավիճակ եւ այդ նույն օրենքը դադարեցնի կարգավիճակը: Դա անհիմն բացատրություն է, որը չի կարգավորում իրավահարաբերություններն, այլ փաստացի՝ Սարգիսը շարունակում է մնալ ոտնահարված իրավունքներով: Ինչպես բոլոր նացիստական շարժումները, այդպես էլ Ադրբեջանի կողմից կիրառված մարդասպանությունը՝ 1988-1992թթ. հայերի նկատմամբ, ունենում են փաստացի ապացույցներ, իսկ Սարգիսի միակ փաստացի ապացույցը փախստականի անձնագիրն է, որը հաստատում է նրա բռնագաղթած լինելու փաստը, իսկ դա նա չի ցանկանում կորցնել: Այն, որ Սարգիսն ընտանիքի հետ բռնագաղթվել է Ադրբեջանից Հայաստան եւ ընտանիքի բոլոր անդամներով հաշվառվել են որպես փախստականներ, շարունակել են ունենալ փախստականի կարգավիճակ՝ փաստ է, որը հերքման ենթակա չէ: Սա այն դեպքն է, երբ օրենքը կիրառվում է ի վնաս անձի եւ հօգուտ միգրացիոն քաղաքականության:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ