Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի հարմար թեմակալ է եղել, թեմ չի եղել»

Դեկտեմբեր 06,2012 14:16

«Ասպարեզ» ակումբի նախագահն այսպես է մեկնաբանում կաթողիկոսի՝ Արթիկի թեմ ստեղծելու ու իր համագյուղացուն հոգեւոր առաջնորդ կարգելու որոշումը:

Մի քանի օր է՝ շիրակցի տարբեր մտավորականներ ու հավատացյալներ Facebook սոցիալական ցանցի խմբերում իրենց վրդովմունքն են արտահայտում Շիրակի թեմը մասնատելու, Արթիկում առանձին թեմ հիմնելու կաթողիկոսի որոշման դեմ: Ինչպես տեղեկացրել ենք, Վեհափառը Արթիկն իր 23 գյուղերով վերցրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի «տիրակալությունից» ու այնտեղ հոգեւոր առաջնորդ է կարգել իր ոսկեվազցի համագյուղացուն՝ Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Ու որքան էլ Մայր աթոռի մամլո ծառայությունից պարզաբանեն, որ այդպես է արվել «հոգեւոր կարիքները առավելագույնս հոգալու համար», միեւնույն է՝ շիրակցիները այստեղ ենթատեքստ են տեսնում:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց. «Ես ուսումնասիրել եմ թեմական բաշխումը ամբողջ աշխարհով մեկ, թեմեր կան, որոնք մեր պետությունից ավելի են ներառում իրենց մեջ, Հայաստանի դեպքում երկար ժամանակ Շիրակի թեմը առանձին էր, իսկ Գուգարաց թեմը ներառում էր Լոռու եւ Տավուշի մարզերը մեկտեղ: Վերջերս որոշում եղավ, որ Տավուշի թեմը առանձին է լինելու, Լոռու թեմը՝ առանձին, այսպես ասենք: Հիմա ինձ համար իսկապես նորություն էր, որ գտել են, թե Արթիկը՝ հարակից 23 գյուղերով՝ լինելու է առանձին թեմ: Տպավորություն կարող է լինել, թե մեր բնակչությունը շեշտակի աճ է արձանագրել, եւ իսկապես մեկ թեմակալ առաջնորդը իր վարչական մեխանիզմով, համակարգով չի  կարող ապահովել իր պատշաճ ծառայությունները ամբողջ Շիրակի թեմի նկատմամբ: Հիմա ստացվեց մի Արթիկի թեմ եւ առանց Արթիկի՝ Շիրակի թեմ, չես կարող հիմա ասել Շիրակի թեմ, որովհետեւ Շիրակի թեմ ասելիս Արթիկն ու հարակից տարածքները մեկտեղ պետք է հասկանալ: Ինձ համար իսպառ անհասկանալի է Վեհափառի նոր բաշխումը. եթե այդ տրամաբանության մեջ նայենք, պիտի առաջանա նաեւ Գորիսի թեմ, Մեղրու թեմ, Նիժնի Տագիլի թեմ, Բլագավեշինսկի թեմ եւ այլն, եւ այլն…»: Մեր զրուցակիցը կաթողիկոսի այս քայլը եկեղեցու վարչական ապարատի բյուրոկրատացման օրինակ է համարում: «Չեմ կարծում, որ դրա կարիքը կար, եկեղեցին մի կողմից՝ ասում է, որ անջատ է պետությունից եւ կարող է ասել, թե այս հարցերը մեկնաբանելու պարտականություն չունի, մյուս կողմից՝ Սահմանադրության մեջ զոռով-շառով գրել տվեցին Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Էդ դեպքում Վեհափառը կամ Մայր Աթոռի մամլո դիվանը պարտավոր է բացատրություն տալ, թե էս ի՞նչ պատմություն է, էգուց էլ հանկարծ մի խոշոր գյուղ կասի՝ ինձ համար էլ մի հատ թեմ ստեղծեք, զբաղվենք, էլի: Ռուսաստանի պես անծայրածիր տարածքներում մեկ թեմ է: Երեւի շատ փող ունեն, ծախսելու ձեւը չգիտեն կամ ինչ-որ ծանոթ-բարեկամ, հորեղբոր տղա. էս ձեւի ինչ-որ բաներ են: Ինձ, որպես քաղաքացու, անհասկանալի է նման որոշումը: Իսկ մեր թեմին անուն որոշե՞լ են, Շիրակի թեմի անունը պետք է փոխվի էդ դեպքում, պետք է լինի Շիրակի մարզի Կենտրոնի-հյուսիսի եւ Արեւմտյան թեմ: Արթիկը լինում է Շիրակի մարզի Հարավարեւելյան թեմ: Ինչ-որ անուն պետք է գտնվի, չես կարող ասել՝ Շիրակի մարզի եւ Արթիկի թեմ»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

Facebook-ի օգտատերերից շատերը Վեհափառի այս որոշումը, մեկը մյուսից անկախ, համեմատել էին խորհրդային տարիներին ստեղծված անիմաստ «ռայկոմների» հետ. երբ ցանկություն են ունեցել ինչ-որ մեկին պաշտոն տալ, անմիջապես «ռայկոմ» են ստեղծել ու քարտուղար կարգել: «Նախագահացու է եղել, եւ ասենք՝ հարմար ռայոն չի եղել, Բաղրամյանի շրջան են սարքել. երկու կողքի շրջաններից կտրել, Բաղրամյանի շրջան են սարքել, եւ էդպես էդ թիվն աճում էր: Նույնը էստեղ է, երեւի հարմար թեմակալ է եղել, թեմ չի եղել, երեւի Վեհափառը թեմակալներին չի ուզեցել նեղացնել, որոշել է էս ձեւի կտրտել: Ի՞նչ կլինի, որ Հայաստանը բաժանեն նախկին սովետի նման, ասենք՝ 36 թեմերի, առաջ 36 շրջան էր, հիմա դառնա 36 թեմ, Երեւանն էլ մի 12 վարչական շրջան է, ասենք՝ լինի Բանգլադեշի թեմ, Յոնջալաղի թեմ, 5-րդ Մասիվի թեմ, 9-րդ Մասիվի թեմ եւ այլն: Չկա մի ինչ-որ թվաբանական կանոնակարգում, որ Հայ Առաքելական եկեղեցու այս թեմը պետք է լինի այսքան հավատացյալից բաղկացած. չկա նման կանոնակարգ, թեմեր կան, որոնք շատ մեծ են, թեմեր կան, որ շատ փոքր են»:

Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ այս որոշումը անհասկանալի է հատկապես այն պատճառով, որ Տավուշն ու Լոռին նոր-նոր առանձին թեմեր են դարձրել: «Մի խոսքով՝ եկեղեցին փակ է մեզանից, եկեղեցին հասարակական կյանքին, ցավոք, չի մասնակցում, մենք չտեսանք հոգեւորականներին քաղաքական սրացումների եւ մարտի 1-ի սրացումների ժամանակ: 1-2 հոգու տեսանք՝ իհարկե, բայց հոգեւոր առաջնորդները երկրի առաջ ծառացած լրջագույն պրոբլեմների մասին միշտ ձեռքերը բերաններին փակած՝ ոչինչ չեն խոսում, ոչինչ չեն արտահայտվում, ընտրությունների այլանդակություններ, բանակային սպանություններ, կոռուպցիա, պաշտոնյաների բարոյազրկում, արտագաղթ, այսինքն՝ իրենք իրենց համար եկեղեցի են ստացվում, ցավոք: Իսկ ես պատկերացնում էի, թե հոգեւոր հայրերը պետք է լինեին մարդկանց մեջ, մարդկանց հետ, մարդկանց տներում»,- քննադատում է «Ասպարեզ» ակումբի նախագահը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել