Գովազդում կհնչի նաեւ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ձայնը
2013 թվականին գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականի «Առաջ Հայաստան» կարգախոսին կփոխարինի «Դեպի ապահով Հայաստան…» կարգախոսը: Ենթադրաբար, այս տարվա «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով անցած խորհրդարանական ընտրությունից հետո փոփոխությունները անգամ ՀՀԿ-ի համար ապահովություն չեն ապահովել: Հավատացի՞նք, թե՞ չէ, փոխվեցի՞նք, թե չէ, ՀՀԿ-ն հիմա էլ որոշել է անապահով Հայաստանից մեզ տեղափոխել ապահով Հայաստան: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն խորհրդանիշների լայն տեսականի ունենա. ավանդական՝ կարգախոսի մակագրությամբ վզնոցներին ավելանան նաեւ արհեստական տերեւները` կանաչի տարբեր երանգներով: Փուչիկներ էլ են լինելու, բայց փուչիկների գործն այս անգամ Կարեն Ավագյանին չի վստահվելու: Երգը, որը կհնչի Սերժ Սարգսյանի հոլովակում, կկատարեն Հայաստանի հին ու նոր աստղերը՝ Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Նունե Եսայանը, Ռազմիկ Ամյանը, Հայկոն: Հոլովակում կհնչի նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ձայնը: Երգում այսպիսի բառեր էլ կան՝ «Յուրաքանչյուր հայ թող նախ մտածի, թե ինքն ի՞նչ է արել Հայաստանի համար»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հոլովակը նկարահանվում է «ՏԷՑ-ի կռուգում», ականատեսների վկայությամբ՝ շքեղ բեմի վրա, իսկ «ՏԷՑ-ի կռուգը», մեղմ ասած, բարի համբավ չի վայելում ու դրական էմոցիաներ չի արթնացնում: Հոլովակի մասսայական տեսարաններում անվճար նկարահանվելու դառը ճակատագիրը բաժին է հասել բուհերի ուսանողներին: Նախորդ օրը՝ դասերից հետո, ուսխորհուրդների գլխավորությամբ, ուսանողներին տարել են նկարահանումների: Նրանց, սակայն, չի ասվել, թե ո՞ւր եւ ի՞նչ նպատակով են տանում: Ասել են, թե պետք է մի ուսանողական միջոցառման մասնակցեն, որը հազիվ մեկ ժամ կտեւի: Երեխաներին ավտոբուսներով տեղափոխել են նկարահանման հրապարակ ու մինչեւ ուշ երեկո պահել այնտեղ: Ըմբոստացողներին եւ նկարահանումներից փախչել ցանկացողներին սպառնացել են «հիշել» ստուգարքների եւ քննությունների ժամանակ:
Երեխաներից ոմանք մեզ հետ զրույցում պատմեցին նաեւ, որ նկարահանման հրապարակի մոտակայքում մի խումբ երիտասարդներ են եղել, ովքեր բղավել են «Բարգավաճ Հայաստան»: Տեղի անվտանգության աշխատակիցները նրանց շատ արագ «լիկվիդացրել են», քանի որ ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական երիտասարդների միջեւ կարծես արդեն ծեծկռտուք է հասունացել: Ուսանողները մեզ հետ զրույցում պատմեցին նաեւ, որ ուսխորհուրդների միջոցով բուհերի ղեկավարներն իրենց «առաջարկ» են արել՝ եթե ցանկանում են ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն ծրագրերում, որոնք հնարավորություններ կընձեռեն թեթեւացնել ուսման վարձի մի մասը, ապա պետք է անդամագրվեն ՀՀԿ-ին: Նկատենք, որ հիմնադրամը նման թիրախային ծրագրեր ունի՝ զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:
Կարդացեք նաև
Երեկ «Առավոտը» այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից:
– ՀՀԿ-ն արդեն սկսե՞լ է նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքները:
– Իհարկե, նախապատրաստվում ենք: Դուք վերահսկելի քարոզարշավի մասին եք խոսում: Իհարկե, արդեն որոշակի ծրագրավորումներ ունենք:
– Իսկ որքա՞ն գումար է ՀՀԿ-ն նախատեսել ծախսել քարոզարշավային ատրիբուտների վրա:
– Դա չեմ կարող ասել, որովհետեւ մինչեւ ծրագրերը չլինեն՝ ֆոնդային գումարի բաշխում չի կարող կատարվել:
– Պարոն Սահակյան, տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի նկարահանումներին ուսանողներին էլ են ստիպողաբար տանում, բնականաբար՝ չեն վճարում, ու երեխաներն էլ շատ դժգոհ են:
– Ես նման տեղեկություններ չունեմ: Դա էլ նոր քա՞յլ է: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ մեր յուրաքանչյուր գործողությանը պետք է հակակշիռներ ձեւավորվեն: Բայց, այնուհանդերձ, մենք օրենքի շրջանակներում նախապատրաստություններ ենք տեսնում եւ ամբողջությամբ գործելու ենք օրենքի շրջանակներում:
– Օրինակ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ուսանողներին ինչ-որ պատրվակով կանչում էին բուհեր ու ստիպողաբար նրանց ավտոբուսներով տեղափոխում ՀՀԿ-ի քարոզարշավներին:
– Գիտեք, կատարելագործված, ամեն մեկն իր տեսակետն է ասում: Մենք էդպիսի խնդիր չունենք, որովհետեւ մեր երիտասարդական կազմակերպությունը 35 հազարից ավելի է: Էնպես որ՝ եթե նման խնդիրներ ունենանք, մենք կկարողանանք իրականացնել: Նրանցից մի մասն ուսանող կլինի, մի մասը տեխնիկումներոմ սովորող կլինի՝ տարբեր տեղեր, երիտասարդներ են: Բայց վերագրել, որ բուհի մարդկանց են տանում՝ արդեն պրովոկացիա է:
– Ի դեպ, ասում են, որ ուսանողներին առաջարկում են ՀՀԿ-ին անդամագրվել՝ փոխարենը խոստանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերով նրանց ուսման վարձը փոքր-ինչ թեթեւացնել:
– Բնականաբար, պիտի տարբեր տիպի հայտնի եւ ոչ հայտնի բողոքավորներ լինեն: Ի դեպ, ասեմ, ընտրություններին մենք չենք ակնկալում, եւ դա պետության համար էլ է վտանգավոր, որ մենք 100 տոկոսանոց պիտի ընտրվենք: Մեր գործողությունները տարբեր առիթներով, բնականաբար, նաեւ կքննադատվեն: Բայց բերել, թե մենք ուսման վարձեր ենք տալիս… այսինքն՝ ամեն ուսանողին մեկ միլիոն, հինգ հարյուր, երկու հարյուր հազար ուսման վարձ ենք տալիս, որ ընտրե՞ն, էդպիսի աբսուրդ կլինի՞:
– Խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մասին է:
– Հիմնադրամը այս տարի էլ է արել, նախորդ տարի էլ, դրա նախորդն էլ… դրանք հատուկ նորմատիվներ են, էդպես չի, որ բերեն մարդուն ասեն՝ քո ուսման վարձը տալիս ենք, մեզ պիտի ընտրես: Դա չափորոշիչներ ունի, եւ այդտեղ ընդգրկվում են տարբեր հակումներ ունեցող ուսանողներ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ