Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Մարտի 1-ի բացահայտման առումով մութ անկյուններ դեռ կան, բայց դրանք չեն վերաբերում հիմնական պատասխանատուների բացահայտմանը:
– ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին որոշեց հետաձգել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած՝ Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունը: Պարոն Քոչարյան, ըստ Ձեզ՝ նախագծի քննարկումը մեկ տարով հետաձգելը ո՞ւմ էր ձեռնտու: Հնարավո՞ր եք համարում, որ քաղաքական ինչ-ինչ գործընթացներ կարող են փոփոխվել նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում կարելի է ակնկալել, որ հնարավոր է ԱԺ-ում ձեւավորվի մի այնպիսի հանձնաժողով, որը նշանակալի արդյունքների կարող է հասնել:
– Այս պահին նախագծի հետաձգումը ձեռնտու էր եւ իշխանությանը, եւ Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական ֆրակցիայի որոշ անդամների: Բացատրեմ միտքս. առաջին հերթին՝ Մարտի 1-ի հետ կապված ցանկացած քննարկում իշխանությունների համար երբեք ցանկալի չի, որովհետեւ նրանց հիշեցվում են այդ հանցագործությանն այսօրվա շատ ու շատ իշխանավորների մասնակցության փաստեր, որոնք երբեք սղագրել հնարավոր չէ: Ավելին՝ այդ քննարկումների ընթացքում մշտապես ծագում է պատասխանատվության ենթարկվելու հեռանկարը, որը վաղեմության ժամկետ չի ճանաչում: Կոնգրեսի որոշ պատասխանատուներ, ամենայն հավանականությամբ, հասկացան, որ հարցը բարձրացնելուց զատ՝ պետք է կարողանան հանրությանը ցույց տալ ցանկալի արդյունքի հասնելու հնարավոր հեռանկար, որը պարզապես այս պահին իրատեսական լինել չէր կարող, ինչի արդյունքում տեղի ունեցավ հերթական շարքային գործարքը՝ հարցը մեկ տարով հետաձգելու տեսքով:
Կարդացեք նաև
Իմ կարծիքով՝ այս նախագահական ընտրությունները չեն բերելու Հայաստանում համակարգային փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են իշխանության տարբեր ճյուղերի տարանջատումը եւ, մասնավորապես, դատական իշխանությունների անկախությունը ապահովելու համար: Այդ տեսանկյունից նշանակալի արդյունքի հասնելու հնարավորություն ես չեմ տեսնում:
– Որքան էլ ուշագրավ է, նախագծի քննարկման հետաձգման փաստի առիթով զարմանք արտահայտեցին ԲՀԿ ներկայացուցիչները։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ իրենց համար մի քիչ անհասկանալի է Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հեղինակի՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի «պայծառ լավատեսությունը», որով նա ընդառաջ գնաց մեծամասնության առաջարկին՝ մեկ տարով հետաձգել նախագիծը: «Ընդհուպ ինքնաթիռի տրապից մեր երկու պատգամավորներ հետ են կանչվել՝ Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանը, որպեսզի այսօր ներկա լինեն եւ հնարավոր քվեարկության դեպքում մասնակցեն քվեարկությանը»,- ասել էր Ն. Զոհրաբյանը եւ հավելել, որ վերադարձել են նաեւ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, որը Մոսկվայում պետք է վիրահատության ենթարկվեր, եւ Ներքին զորքերի նախկին գլխավոր հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ): ԲՀԿ-ի այսպիսի արձագանքը ինչո՞վ եք բացատրում:
– Այս խնդիրը մասնավորապես կարեւոր էր ԲՀԿ-ի համար՝ հաշվի առնելով իրենց շարքերում Մարտի 1-ի գլխավոր պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ հայտնված Գրիգոր Գրիգորյանի եւ Վարդան Օսկանյանի լինելը, իսկ Ջհանգիրյանի՝ իրենց համար անակնկալ որոշումը, փաստորեն, զրկեց իրենց այդ հնարավորությունից: Այս ամենը հուշում է, որ բոլոր այս զարգացումները Մարտի 1-ի բացահայտման հետ ոչ մի կապ չունեին եւ կապվում էին միմիայն սպասվող նախագահական ընտրությունների հետ:
– Պարոն Քոչարյան, Դուք մարտիմեկյան գործընթացը ուսումնասիրած, քաջատեղյակ անհատներից մեկն եք, Փաստահավաք խմբի զեկույցները որպես հիմք ընդունելով՝ կարո՞ղ ենք ասել, որ հանցագործություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու առումով դեռ մութ անկյուններ կան, եւ նորանոր հանձնաժողովներ ստեղծելով՝ նոր իրողություններ կբացահայտվեն: Ի՞նչ նոր բան կարող է բացահայտվել Մարտի 1-ի գործով, եթե նույնիսկ ԱԺ-ում ձեւավորվի նման հանձնաժողով՝ բացահայտման աջակցության առումով դա կարո՞ղ է օգտակար լինել:
– Մութ անկյուններ, իհարկե, դեռ կան: Բայց դրանք չեն վերաբերում հիմնական պատասխանատուների բացահայտմանը, նրանք վաղուց բացահայտված են: Խնդիրը նախ եւ առաջ վերաբերում է այն փաստին, որ Մարտի 1-ի հանցագործության այդ պատասխանատուներից ոչ մեկը, խոսքս մասնավորապես վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին եւ իր կողմից ձեւավորված շտաբի անդամներին, առ այսօր չեն ենթարկվել համարժեք պատասխանատվության: Ավելին՝ այսօր տարբեր մակարդակներում փորձեր են արվում սրբագրել, խեղաթյուրել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած այդ իրադարձությունները եւ դրանով հնարավորություն տալ պատասխանատուներին ոչ միայն խուսափելու պատժից, այլ նաեւ շարունակելու զբաղեցնել պատասխանատու պաշտոններ: Համալսարանական նոր դասագրքերի ի հայտ գալը այդ սրբագրության փորձերի վառ եւ անբարոյական օրինակներից մեկն է:
Այս պահի դրությամբ առկա է տարբեր մակարդակներում հանձնաժողովներ ստեղծելու միտում՝ շատ դեպքերում դրանք քաղաքական առեւտրի գործիք դարձնելու հեռանկարով: Այս գործընթացներին նպաստում է նախ եւ առաջ այն փաստը, որ պատկան մարմինները չեն կատարել իրենց պարտականությունը՝ հանցագործության բացահայտման եւ մեղավորներին պատժի ենթարկելու առումով: Միեւնույն ժամանակ, անկախ քաղաքական շարժառիթներից եւ դրանց հետեւում թաքնված ետին մտքերից, նույնիսկ խոսակցություններն այդ հանձնաժողովների ստեղծման մասին՝ փաստելով, որ խնդիրը կա եւ պահանջում է հրատապ լուծում, շարունակում են այն պահել քաղաքական եւ հասարակական ուժերի օրակարգում: Կարեւոր է, որ քննարկումների արդյունքում՝ նախ եւ առաջ ԱԺ-ի մակարդակում, հնչեցվեն եւ փաստաթղթերում արձանագրվեն Մարտի մեկին ապօրինի հրամաններ տված անձանց անունները: Ստեղծված քաղաքական իրավիճակում դա, իհարկե, ամբողջական բացահայտման եւ պատասխանատուների պատժին չի կարող բերել: Սակայն կայանալիք նախագահական ընտրություններից հետո կստեղծվի նոր իրավիճակ, որը ամեն դեպքում հանգեցնելու է նոր, ուժեղ, միասնական եւ իր որդեգրած սկզբունքներից եւ նպատակներից չշեղվող ընդդիմության ձեւավորմանը, որը կկարողանա Մարտի 1-ի բացահայտումը վերստին դարձնել ոչ միայն իր, այլ նաեւ իշխանությունների քաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիր եւ հասնել դրա լուծմանը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ