Լրահոս
Օրվա լրահոսը

«Կույր» քարոզչություն

Դեկտեմբեր 06,2012 13:57

Այս նախագահական ընտրություններից առաջ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու նախագահի ընդդիմադիր թեկնածուները, բայց ընտրարշավն, ըստ էության, սկսված է, այսպես ասած՝ «կույր եղանակով»: Ընտրարշավը չէր կարող չսկսվել, որովհետեւ ունի բանական, նույնիսկ կասեի՝ հոգեբանական ժամկետ՝ մի քանի ամիս: Այդ ընթացքում են, օրինակ, Միացյալ Նահանգներում անցկացվում ներկուսակցական ընտրություններ (primaries), որոնց շնորհիվ հայտնի է դառնում, թե ով է նախագահի թեկնածուն տվյալ կուսակցությունից: Իհարկե, Հայաստանում կուսակցությունների կառուցվածքն այնպիսին է, որ ամեն ինչ միանձնյա որոշում է առաջին դեմքը, իսկ հետո ձեւ է արվում, որ կուսակցությունների վերնախավը եւ լայն ժողովրդական զանգվածները «միահամուռ» պաշտպանում են այդ միանձնյա որոշումը: Այնտեղ, որտեղ կա միակարծություն, «բոլորը՝ մեկ մարդու նման» եւ այլն, այնտեղ չկա մրցակցություն եւ, հետեւաբար, զարգացման հնարավորություն: Մեր մենաշնորհները, որոնցից զուտ մարտավարական նկատառումներով իբր դժգոհ են որոշ կուսակցություններ, գալիս են հենց կուսակցություններից (բոլոր), որովհետեւ դրանք հիմնված են տվյալ կառույցում մեկ մարդու ճշմարտությանը տիրապետելու մենաշնորհի վրա: Հիշենք թեկուզ, թե ինչպես վերջին մեկուկես տարում «ինքնամաքրվեց» Հայ ազգային կոնգրեսը: Պարզ է, որ մեր կուսակցությունները երկնքից չեն իջել՝ դրանք մեր հասարակության ծնունդն են, այստեղ ուժեղ են պատերնալիստական տրամադրությունները՝ տիրոջ, թագավորի, փրկչի սպասումները: Իսկ փրկիչը, առասպելական հերոսը, որի մասին երազում է մեր բնակչության մեծ մասը, primaries չի անցկացնում՝ ազգը աղքատությունից եւ անարդարությունից փրկելուց առաջ:

Մի խոսքով՝ քարոզչությունը սկսվել է: Բայց ում եւ ինչի դեմ քարոզել՝ այնքան էլ պարզ չէ: «Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմի՞», թե՞ միայն «տնտեսությունը կործանած կառավարության» դեմ: Կամ՝ մյուս կողմից, «ցրտի-մթի տարիների պատճառ դարձած եւ հիշողությունը կորցրած որոշ ուժերի՞», թե՞ «հուշագիրը ստորագրած եւ այժմ պատասխանատվությունից խուսափող որոշ ուժերի» դեմ: Համաձայնեք, քանի դեռ հստակություն չկա այդ հարցերում, կուսակցությունների կռիվն էլ մի տեսակ վերացական բնույթ է կրում:

Երբ պարզ կլինի, թե ով է առաջադրվում (իսկ դա կլինի շուտով), այդժամ «որոշ ուժերը» շատ ավելի որոշակի կդառնան, եւ հռետորաբանությունն էլ, բնականաբար, կկարծրանա: Բայց ես շատ կուզեի, որ երկու կամ երեք կողմերի քարոզիչներն էլ զուսպ լինեին: Դա միայն առաջին հայացքից է թվում, որ եթերում, համացանցում կամ թղթի վրա պարզապես բառեր են հայտնվում: Դրանք թունավոր նետեր են, որոնք հայտնի չէ, թե երբ եւ որտեղ են հասնելու: Երբեմն նաեւ՝ բումերանգներ:

Մանավանդ, որ ամեն ինչ փոփոխական է: Լինում է, որ տարիներ շարունակ ժողովրդին «քսի են տալիս» մեկի վրա, իսկ հետո «քսի տվողներն» ասում են, որ հենց այդ մարդն է ժողովրդի փրկիչը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31