Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարի տրոհման հետեւանք է

Դեկտեմբեր 06,2012 13:19

Հատված թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանի հետ հարցազրույցից

 – Քաղաքական դաշտը երբեմն նմանեցնում են թատրոնի։ Ինչպիսի՞ն են թատրոնի և քաղաքականության փոխհարաբերությունները։

– Ինչպես թատրոնում, այնպես էլ մեր քաղաքական ներկայում, մրցում են երկու մոտեցումներ, որոնք, թեև սկզբունքորեն թշնամական, հակադիր չեն, բայց հաճախ ստացվում է այնպես, որ դառնում են մրցող դպրոցներ։ 20-րդ դարի առաջին կեսի մեծ դերասաններից հետո «մեծ դերասան» հասկացողություն չենք տեսել թատրոնում, այսինքն՝ մարդ, որի խոսքը, գործողությունը, կերպարն այնքան իմաստավորված, ազատ և անսպասելի լինի, որ կլանի ամբողջ ուշադրությունը։ Հրաչյա Ներսիսյանից,  Վահրամ  Փափազյանից  հետո, փաստորեն, հերոսներ չենք տեսել։ Դրա ավելի համեստ դրսևորումները տեսել ենք՝ ի դեմս Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, բայց այդ կերպարանքը, երբ սպասում ես, թե ի՞նչ կլինի հաջորդ վայրկյանին, չենք տեսել թատրոնում։

Մինչդեռ դա տեսնում ենք քաղաքականության մեջ՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարի։ Դա կլանող, որևէ ազդեցության

չենթարկվող երևույթ է, բարկացնող, համառ, իր համառությամբ ու ինքնատիպությամբ կոնցեպտուալիզմին հասնող կերպար է, որն էականորեն տարբերվում է մեզ հայտնի բոլոր մարդկանց վարքագծից։

Դրա հետ մեկտեղ, կա թատրոնի մեկ այլ, ժամանակակից կոնցեպցիա՝ մասնակցային թատրոնը, որը ներառում է հանդիսատեսին, չի ճանաչում հանդիսատես-դահլիճ անջատումը, հիմնվում է ոչ թե մեկ ազատի, մեկ հերոսի գաղափարի վրա, այլ՝ յուրաքանչյուրի ազատագրման, յուրաքանչյուրի հերոսացման արժեքի վրա։ Դրա դրսևորումը քաղաքականության  մեջ նույնպես կարող ենք տեսնել՝ ի դեմս Շարժման, որը հետագայում դարձավ Կոնգրես, հետագայում շատ մարդիկ կտրվեցին Կոնգրեսից, որ ստեղծեն այն առավել համարձակ քաղաքական ու քաղաքացիական դաշտը, որը ես կոչում եմ Մեծ Կոնգրես, որտեղ ինքնիշխանությունը, գործողության բացարձակ ազատությունը,  հնարավորությունների  անսահման դաշտը վերապահվում է ամեն մեկին։ Բնական կհամարեի, որ այդ դաշտերը կարողանային գտնել եզր, ձևավորեին կոմունիկացիայի ու համագործակցության ընթացակարգ։ Համոզված եմ, որ դա է մեր հասարակության զարգացման բնականոն հեռանկարը, բայց հիմա այդ խզումը, այնուամենայնիվ, տեսնում ենք քաղաքականության մեջ։ Մի կողմից՝ բարդ երկրաչափական ֆունդամենտալ խնդիրներ իր առաջ դնող ու լուծող Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից՝ ուղիղ գործողությանը պատրաստ, կենդանի ավյունով լի մարդիկ, քաղաքացիական  գիտակցության  կրող,  որոնք իրենց քաղաքական ու քաղաքացիական կայացումը տեսնում են դասական ընթացքներից դուրս, արարման նոր դաշտ են նախագծում։

– Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նո՞ւյնպես Լևոն ՏերՊետրոսյանի երկրաչափական մտորումների արդյունք է։

– Բնականաբար, նա Լևոնի կերպարի տրոհման հետևանք է, նրանից առաջացած մասնավոր դիմակներից մեկը։ Եթե 2007-2008-ին մենք ունեինք բուն Գագիկ Ծառուկյան, ապա հիմա մենք ունենք պսևդո-Լևոն Տեր-Պետրոսյան, որը կայանում է մի դաշտում, գրավում է մի դաշտ,  որն անհասանելի էր Կոնգրեսի առաջնորդի համար, այն է՝ մարդկանց անգիտակցականը, հանկարծահաս բարգավաճման միֆը, քաջնազարությունը։  Կոնգրեսը հստակ աշխատում էր մարդկանց ռացիոնալի, բանականի հետ, և պարզվեց, որ դա դեռևս բավական չէ իշխանափոխության համար։

Ի դեպ, ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ ու համարում եմ, որ պետք էր շարունակել խոսել բանականության հետ, արթնացնել այն, բայց ես հասկանում եմ Լևոնի մտահղացումը, այն է՝ գործիքավորել Գագիկ Ծառուկյանին, իրեն սառցահատ դարձնել, ու, պետք եղած պահին, սրընթաց ապամոնտաժել։ Հեղափոխությունների պատմությունը պատահական չէ, այլ օրինաչափ, այստեղ կհամեմատեի՝ երբ բոլշևիկները հաջողության չեկան 1905 թվականի հեղափոխությունում, իրենք թույլ տվեցին, որ քաջնազարները քանդեն ցարիզմը, որ հետո հեշտությամբ ազատվեն իրենցից։

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31