Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Մտածում եմ կոռումպացված պաշտոնյան հայտնաբերեմ, հետո պայքարեմ»

Դեկտեմբեր 06,2012 13:14

 

«Իհարկե, կա նման բան: Որ ասեմ հանրապետությունում նման բան չկա, իհարկե, սուտ կլինի: Բայց թե պարոն Ծառուկյանը կոնկրետ ում նկատի ունի՝ ես չեմ կարող ասել: Ես չգիտեմ, թե դա ում է վերաբերվում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը այսպես մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունը, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: Ըստ Արագած Ախոյանի, եթե կա կոռուպցիա, բնականաբար, դրա հեղինակն էլ կա:

Aravot.am-ի հարցին՝ դուք կոռումպացված պաշտոնյա գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ կարող ասել, կոնկրետ դեպք չգիտեմ, բայց գիտեմ, որ դա գոյություն ունի»: Հարցին ի պատասխան, բա այդ դեպքում ի՞նչ նկատի ունի պարոն Ծառուկյանը՝ պատգամավորը վստահեցրեց, որ չգիտի, թե նա ինչ նկատի ունի. «Ես երբեւիցե պաշտոն չեմ զբաղեցրել, պետական պաշտոնյա չեմ եղել ու ոչ էլ պատրաստվում եմ լինել: Ես եղել եմ այլ՝ բիզնեսի դաշտի մարդ, շինարար, նման բաների հետ չեմ շփվել: Աշխատել եմ միշտ մասնավոր սեկտորում»:

Հարցին՝ մտադի՞ր եք պայքարել կոռուպցիայի դեմ՝ Արագած Ախոյանը պատասխանեց. «Իհարկե: Իսկ կա՞ մեկը հանրապետությունում, որ մտադիր չէ պայքարել այդ երեւույթի դեմ»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ դուք քանի որ կոռումպացված պաշտոնյա չգիտեք, ինչի՞ դեմ եք մտադիր պայքարել: Արագած Ախոյանը ծիծաղեց. «Մտածում եմ՝ հայտնաբերեմ, հետո պայքարեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31