Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն քննարկման է դնում միասնական օրակարգը

Դեկտեմբեր 06,2012 13:10

Այսօր «Էրեբունի» հյուրանոցում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  հանրային քննարկում է կազմակերպել՝ «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» թեմայով:

ՀՅԴ-ն գտնում է, որ 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները ՀՀ անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, երկրի եւ հասարակության խնդիրները ճիշտ ձեւակերպելու, ժողովրդի բարեկեցությունն ապահովագրող գործողություններ նախանշելու եւ արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու բացառիկ հնարավորություն են: Ըստ այդմ, Դաշնակցությունն առաջարկում է 7 կետից բաղկացած օրակարգ.

1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձեւավորում ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ՝ բացառելով ընտրակաշառքը, պետական վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի 100%-անոց համամասնական սկզբունքին:

2. Մինչեւ 2015-ի ավարտը նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նպատակով:

3. Իշխանությունը վերահսկելու եւ հավասարակշռելու նպատակով՝ օրենքով երաշխավորված գործուն  լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ քաղծառայության խորհրդի, տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը:

4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախություն, արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը՝ նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը եւ աղքատության վերացումը:

5. Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման բարիքների ստեղծման եւ դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:

6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետության անկախության, անվտանգության եւ ինքնուրույնության ապահովումը:

7. ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքել ռազմաքաղաքական դաշինք, բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի եւ անվտանգության առաջնայնությունը, ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից եւ այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել ելնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով պատմական արդարության վերականգնման հեռանկարը:

ՀՅԴ-ն վստահ է, որ այս հիմնախնդիրների ճիշտ ձեւակերպումը արդեն գործի կեսն է եւ ակնակալում են, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը կհամախմբվեն այդ պլատֆորմի շուրջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31