Հատված հումորիստ Արմեն Վարդանյանի հարցազրույցից:
– Այսքան տարի հեռուստատեսության ոլորտում լինելով՝ ի՞նչ եք հասկացել, ո՞րն է հաջողության հասնելու գրավականը, միայն ծիծաղեցնելը բավակա՞ն է։
– Ո՛չ իհարկե։ Երբ նայում եմ ինձ հասակակից գործընկերներիս, որոնք իրականացնում էին տարբեր հումորային նախագծեր, տեսնում եմ, որ բոլորս էլ հետաքրքիր մասնագիտություններ ենք ունեցել։ Ես սոցիոլոգ եմ, փիլիսոփայության ֆակուլտետն եմ ավարտել, մյուս ընկերս պոլիտեխնիկից է… Թող չնեղանան մեր մնացած գործընկերները, բայց մենք ուրիշ կերպ էինք վերաբերվում հումորին։ Սցենար գրելու համար էլ պետք է շատ գիրք կարդալ, միայն Ինտերնետով սցենարիստ չես դառնա։
– Այսօրվա բազմաթիվ հումորային նախագծերի մեջ կան որակով հաղորդումներ։
– Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետեւ բոլորն էլ տարբեր ժամանակներում ունեցել են լավ ու վատ շրջաններ։ Հիմա եթե մեկի մոտ վատ շրջան է, մյուսի մոտ՝ հաջողություններ, հնարավոր է՝ մի ամիս հետո լրիվ ուրիշ բան ցույց տան։ Եկե՛ք այս հարցին այսպես պատասխանեմ՝ ես սիրում եմ պոմիդորով ձվածեղ։
– Հե՞շտ է ծիծաղեցնել հայ ազգին։
– Ո՛չ, մենք անհատականացված ազգ ենք, ամեն մեկս ունենք մեր կարծիքը, դա ե՛ւ շատ լավ է, ե՛ւ վատ։ Կան տեղեր, որ մեզ օգնում է այդ գծը, բայց շատ դեպքերում էլ խանգարում է։
– Կհիշե՞ք մի թարմ անեկդոտ կամ ուրախ դեպք։
– Հումորիստների ամենաչսիրած հարցը հենց սա է, երբ նրանց խնդրում են ուրախ բան հիշել։ Եթե նույն պատմությունը պատմի ճարտարապետը, այլ կերպ կընկալվի, բայց հումորիստը հասկանում է, որ դա ծիծաղելի է եղել միայն այդ պահին։ Ես այսպես կասեմ՝ մենք ապրում ենք Հայաստանում, դրանից էլ լավ զավե՞շտ։ Դա ե՛ւ անեկդոտ է, ե՛ւ հումոր, ե՛ւ քաջագործություն, ե՛ւ քաղաքացիական պարտք, ե՛ւ շատ հարցերի պատասխան։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»