ԲՀԿ առաջնորդի՝ երեկ արած մի քանի այլ հայտարարություններ արդեն իսկ կասկածի տեղիք չեն թողնում, որ առաջադրվելու որոշումը կայացված է։ Այսպես. Եվրոպական խորհրդարանի նախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ շփման ընթացքում» (ինչպես նշված է ԲՀԿ հաղորդագրության մեջ) Գ. Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»։ Ասել է թե՝ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին հրապարակավ անվանել է «հիմնական կոռումպացված անձ»։
Մի կողմ թողնելով այն հարցը, որ Ծառուկյանի նման գործարարի կողմից (ում մայրը, ի դեպ, հպարտանում էր «բաշարելու» ու հարկերը չվճարելու համար) կոռուպցիայի դեմ պայքարի մասին մտքեր լսելով՝ դժվար է զսպել Սերժ Սարգսյանի նման «քահ-քահ ծիծաղելու» ցանկությունը, փորձենք հասկանալ, թե այդ ինչպես եղավ որ անգամ հարաբերությունների ամենասրված փուլում Սերժ Սարգսյանին անփոփոխ «նախագահ ջան»- ով դիմող Ծառուկյանը մեկեն «ասլան կտրեց» ու իր «նախագահ ջան»-ին ոչ ավել, ոչ -պակաս՝ ողջ Եվրոպայով մեկ «հիմնական կոռումպացված անձ» անվանեց։
Իսկ պատճառն այն է, որ Ծառուկյանին եվրոձյաձյաները «դուխ են տվել», շա՜տ մեծ «դուխ»։ Ասել են՝ գնա՛, առաջադրվի՛ ու մասնակցի՛ ընտրություններին, քո ստացած քվեներին էլ մենք տեր ենք։
Կարդացեք նաև
Մասնավորապես Եվրանեթ ԽՎ համանախագահ Ք. Վիգենինը տեղեկացրել է, որ իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող կառույցները «ուշի ուշով հետեւելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին»։ Ծառուկյանն էլ հավատացել է ու մի պահ իրականության զգացողությունն այնքան կորցրել, որ սկսել է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Այսպիսով կարելի է ասել՝ եվրոձյաձյաները լուծեցին Սերժ Սարգսյանի համար այնքան ցանկալի մրցակցային ընտրապայքարում հաղթելու հարցը։ Ապրեն։
«Ժողովուրդ»