Երեկ մեզ հայտնի դարձավ ՀՀ ոստիկանությանն առնչվող հերթական ցնցող դեպքը։ Շուրջ մեկ ամիս առաջ Երեւանի Իսրայելյան 21 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվել։ Բնակարան այցելած ոստիկանների հեռանալուց հետո անհետացել է նաեւ տանտիկնոջ հոգեպահուստը։
Տանտիրուհին 1926թ. ծնված Սեդա Շահինյանն է, որը երկար տարիներ բնակվել է արտասահմանում, միայն մի քանի տարի առաջ է վերադարձել Երեւան եւ այժմ ապրում է միայնակ։ Չափազանց բարեկիրթ այս տիկինը երեկ ամենայն մանրամասնությամբ պատմեց իր հետ տեղի ունեցածի մասին եւ նշեց, որ իրեն ավելի շատ վիրավորել է ոչ թե այն, որ գումար եւ ունեցվածք է կորցրել, այլ այն, որ այդ դեպքն իր հետ կատարվել է Հայաստանում՝ Երեւանում, որի համար ինքը ողջ կյանքի ընթացքում ոչինչ չի խնայել։ «Ղարաբաղյան շարժման տարիներին ես Ֆրանսիայից անընդհատ գումար էի փոխանցում, որ այստեղ կարողանամ ինչ-որ բանով օգտակար լինել։ Բացի դա, ես շատ հաճախ էի գալիս Հայաստան ու այդ ժամանակ էլ էի մեր տղաներին գումար տալիս, որ մարտի մեկնելուց առաջ զենքեր ու փամփուշտներ կարողանան գնել»,- չկարողանալով զսպել արցունքները՝ երեկ մեզ ասաց Սեդա Շահինյանը, իսկ դրանից հետո պատմեց շուրջ մեկ ամիս առաջ կատարվածի մասին։
Եվ այսպես, շուրջ մեկ ամիս առաջ կինն իր տնից կարճ ժամանակով դուրս է եկել, մոռանալով կողպել դուռը։ Վերադառնալով, նա տեսել է, որ սեղանին դրված են ծրարներ, որոնք պատռտված են ու բացված, սենյակների դռներն էլ բաց են, միջանցքի սեղանիկից էլ բացակայում է ադամանդակուռ պլատինե կրծքազարդը։ Կինն արագ դուրս է եկել տնից ու գնացել մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել։ Ոստիկանության հերթապահ մասից իրեն հորդորել են հանգիստ գնալ տուն, քանի որ մի քանի րոպեից նրան ոստիկաններ կայցելեն։ Կինն այդպես էլ արել է։ Իր տուն այցելած երկու ոստիկաններից մեկը ներկայացել է որպես Ալեքսանդր՝ Ալիկ Գրիգորյան, մյուսի անունը կինը չի հիշում։ Եւ ահա այս երկուսն սկսել են զննել կնոջ բնակարանի սենյակները։ Այդ ընթացքում Սեդա Շահինյանը հիշել է, որ տան պահարաններից մեկում՝ մի փոքրիկ տուփում պահում է տարիների ընթացքում կուտակած գումարը՝ 6000 եվրո։ Կինը ոստիկաններին խնդրել է ստուգել, թե արդյոք այդ տուփի պարունակությունը տեղում է։ Պարզվել է՝ այո, տեղում է։ Դրանից հետո ոստիկանները դուրս են եկել տնից, ասելով, որ բաժնում ինչ-որ արձանագրություն պետք է կազմեն, սակայն մի քանի րոպե անց վերադարձել են եւ մի տարօրինակ հայտարարություն արել։ «Իրանք եկան ու ասեցին, որ էդ 6000 եվրոն պետք է տանեն, որ իրենց շեֆը հաշվի։ Ես զարմացա, մտածեցի՝ լավ, դա ինչի՞ համար է պետք անել։ Բայց համաձայնվեցի։ Ես էլ իրենց հետ գնացի։ Գնացինք բաժին, ինչ-որ մի մեծ մարդ էր, այս երկուսին ինչ-որ հրահանգներ էր տալիս։ Գումարը հաշվեցին, ու ես այդ ոստիկանների հետ տուն վերադարձա։ Նրանցից մեկը գումարը դրեց արկղի մեջ ու դրեց պահարանը։ Հետո ասեցին, որ այլեւս որեւէ անելիք չունեն ու գնացին»,- երեկ մեզ պատմեց Սեդա Շահինյանը ու ավելացրեց, որ դրա հաջորդ օրը որոշել է ստուգել, թե արդյոք գումարը տեղում է, բացել է արկղիկը եւ ի՞նչ… դատարկ է եղել։
«Շշմել էի։ Ստացվում է, որ ես դիմեցի ոստիկանություն, որ ինձ պաշտպանեն, իսկ իրանք եկան ու ինձ թալանեցին»,- ասաց կինը՝ հավելելով, որ դրանով պատմությունը չի ավարտվել։ Ինքը գնացել եւ կատարվածի մասին դիմում է գրել ոստիկանության Երեւանի վարչությունում՝ վարչության պետի անունով։ Ընդունարանում իրեն ասել են, որ 20-օրյա ժամկետում պատասխան կուղարկեն. «Իսկ 20 օրից ստացա մի փոքրիկ թղթի կտոր, որի վրա գրված էր. «Վերջին օրերին մեզ մոտ որեւէ արտակարգ բան չի արձանագրվել»։ Պատկերացնո՞ւմ եք։ Ի՞նչ արտակարգ դեպք պետք է լիներ։ Պետք է գային, տանս մեջ մորթեին ինձ ու գնայի՞ն»։
Կարդացեք նաև
… Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանը երեկ հարցրինք, թե այս գողության հետ կապված քրեական գործ հարուցվե՞լ էր, թե ոչ, եւ արդյո՞ք ոստիկանության Երեւանի վարչության պետի անունով գրված դիմումը ինչ-որ ընթացք ստացել է։ Հարցումից շուրջ չորս ժամ հետո պատասխան ստացանք։ Ըստ այդմ, Սեդա Շահինյանից գողության մասին դիմում ստանալուց հետո ոստիկաններն այցելել են նրա տուն, գտել են ե՛ւ ոսկեղենը, ե՛ւ գումարը ու հեռացել։ Դրանից հետո կինը նորից գնացել է բաժին, նորից ասել է, որ ոսկեղենն ու գումարը կորել են ու այդպես մի քանի անգամ։ Ոստիկանությունից ասացին նաեւ, որ Սեդա Շահինյանն ունի հիշողության հետ կապված խնդիրներ։ «Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքում գումարի եւ ոսկյա զարդերի գողության փաստը չի հաստատվել»,- այսպես ամփոփեցին ոստիկանությունից։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»