Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հաղթելու է մի ուրիշ ձեւ

Դեկտեմբեր 06,2012 11:48

Մեզ թվում է, որ ՀՀԿ խոսնակ եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովն այնքան հարգված եւ պատկառելի անձնավորություն է, որ նրա ասածներն ու հայտարարություններն այլեւս հասարակության կողմից աներկբայորեն ընդունվում են ի գիտություն։ Ալիեւին, Էրդողանին, Դավութօղլուին ինչքա՞ն է քացու տակ գցել։ Հենց միայն այդ հանգամանքը բավական է, որ մարդիկ չկասկածեն Շարմազանովի քաջությանը, էլ ուր մնաց փորձեն չհավատալ նրա՝ մենք կասեինք անմեղ տեսակետին, որ նախագահի թեկնածուները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, պայքարելու են պատվավոր երկրորդ տեղի համար։ Պատմում են, որ Շւսրմազանովի այս հայտարարությունից հետո որոշ քաղաքական եւ հասարակական շրջանակներ նույնիսկ շտապել են շնորհավորել գործող նախագահին՝ առաջիկա ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, չգիտենք, բայց Շարմազանովի ոգեւորությունը շարունակում է աճել։ Նա նույնիսկ նկարագրել է, թե ինչպես է հաղթելու Սերժ Սարգսյանը՝ «մի ուրիշ ձեւ»: Ըստ երեւույթին, ցանկացել է ասել՝ կհաղթի մեծ առավելությամբ, բայց հետո գցել-բռնել է, որ դա այն էֆեկտը չի ունենա, օգտագործել է մեջբերված արտահայտությունը։ Էդուարդ Շարմազանովը, փաստորեն, փաթաթած ունի ոչ միայն Ալիեւին, Էրդողանին եւ Դավութօղլուին, այլեւ Ահարոն Ադիբեկյանի նման սոցիոմետրի գրանցած արդյունքներն ու «Գելափը»՝ իր ողջ ազգուտակով։

Ավելին ասենք՝ Շարմազանովը փաթաթած ունի ՀՀ քաղաքացիներին, ընդ որում, ոչ միայն Հայաստանում բնակվող, այլեւ արտերկրում աշխատանքային գործունեություն ծավալող։ Սա արդեն հետաքրքիր է։ Հետաքրքիր է թե այս քաղաքական գործչի զբաղեցրած պաշտոնի եւ թե նրա բավականին երիտասարդ տարիքի առումով։ Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանի առաջիկա հաղթանակի մասին շատերն են բարձրաձայնել՝ ԵԺԿ տարիքն առած նախագահից միևչեւ Գալուստ Սահակյան, բայց նրանք, չունենալով անգամ Շարմազանովի պաշտոնը, բավականին զուսպ են գտնվել իրենց արտահայտություններում՝ նշելով, որ իրենց թվում է, կամ իրենք ենթադրում են, որ կհաղթի Սերժ Սարգսյանը։ Բանից պարզվում է, ահա, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է «մի ուրիշ ձեւ»:

Իսկ ինչո՞ւ է Շարմազանովը ակնարկում այս մասին եւ այսքան դաժանորեն։ Նրան ընդամենը հարց էին տվել՝ հանդիպե՞լ են արդյոք Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը։ Փոխանակ հարցին պատասխանելու, ասել է՝ ես այդ հանդիպումից տեղյակ չեմ, բայց ինչ էլ անի պարոն Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը հաղթելու է մի ուրիշ ձեւ։ Յա՛ա՛ա՛… Դե ասա գլխներիս ճարը տեսնենք, որ հանկարծ չմնանք այդ հաղթանակի փլատակների տակ, այո՞։

Կարելի՞ է արդյոք մտածել, որ Շարմազանովը պարզապես վերեւից հրահանգված գործառույթ է իրականացնում, դիցուք՝ Սերժ Սարգսյանի կամ նրա շտաբի հանձնարարությունը՝ նման հայտարարություններով ցրել վերադասի հաղթանակի հետ կապված ամենափոքր կասկածներն անգամ։ Չի կարելի բացառել։ Բայցեւայնպես, Շարմազանովի վերադասն առնվազն պարտավոր էր նման հանձնարարություն տալուց առաջ շատ ավելի մտածված ու քաղաքականությանը հարիր ձեւակերպում մշակել, քան «մի ուրիշ ձեւ»-ն է։ Խոսքն ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաղթելու մասին է եւ ոչ թե Ալիեւին, Էրդողանին, Դավութօղլուին եւ… Սաֆարովին։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31