«Ես կարող եմ Գագիկ Ծառուկյանին միայն մաղթել բարի երթ, բայց իմ տպավորությամբ Հայաստանում իրավիճակը հիմա այնպիսին է, որ հաղթել գործող իշխանությանը ընտրություններով հնարավոր չէ, որովհետև «ընտրություն» գաղափար Հայաստանում չկա»,–«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
«Ընտրություն այստեղ չի կայանում՝ այսինքն իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, մնում է մի ճանապարհ՝ ընտրությունները բողոքարկել և հասարակական ալիք բարձրացնել: Կարող եմ ենթադրել հետևյալը՝ եթե խորհրդարանական ընտրությունների պարագայում դա չկատարվեց, ապա այդ ուժերի համար շատ բարդ է լինելու դա կատարել նախագահական ընտրություններից հետո:
Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե սա գործա՞րք է իշխանության հետ, թե՝ ոչ, Գագիկ Ծառուկյանի պայքարն ազնի՞վ է, թե՝ ոչ, բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ շատ բարդ է լինելու այս ալիքը բարձրացնել հենց «Բարգավաճ Հայաստան»–ի և Գագիկ Ծառուկյանի համար: Իսկ բարդ է լինելու, որովհետև նա երբեք ո՛չ հեղափոխական շարժման մեջ է եղել, ո՛չ էլ հեղափոխական: Դա մի քիչ այլ գործելակերպ է, այլ ծրագրեր են: Ես մինչև այսօր Գագիկ Ծառուկյանի և իր կողմնակիցների բերանից կոնկրետ Սերժ Սարգսյանի հասցեին և նրա վարած քաղաքականության դեմ քննադատական ոչ մի բառ չեմ լսել: Խոսքն այստեղ չի վերաբերվում Հանրապետական կուսակցությանը կամ կառավարությանը՝ սա խորհրդարանական ընտրություն չէ: Միգուցե դա լինի նախագահական ընտրությունների՞ արդյունքում, չեմ կարող հստակ ասել: Բայց եթե՝ ոչ, այսինքն եթե դու չես քննադատում գործող նախագահին , ապա էլ ինչի՞ համար ես առաջադրվում, կամ էլ ինչի՞ համար ես եկել որպես ընդդիմադիր:
Կա կոնկրետ մարդ, կոնկրետ պատասխանատու, կոնկրետ այդ մարդու ծրագիր: Հայաստանում նման ձևով հեղափոխություններ չեն լինում: Այստեղ ուղղակիորեն պետք է քննադատություն հնչի, ինչն էլ մինչև այսօր արել եմ ես: Եթե դու հստակ ուզում ես ժողովրդին ոտքի բարձրացնել, ապա պետք է բացատրես, թե կոնկրետ ինչ սխալ բան է արել Սերժ Սարգսյանը և փոխարենը առաջարկես քոնը»,– ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը:
Կարդացեք նաև
Նա ավելացրեց նաև, որ Հայաստանում հաղթանակ կարելի է տանել միայն իշխանության դեմ արդարացի, ճակատը բաց, «դուխով» պայքարելու պարագայում: «Եթե այդ ամենը կա, ուրեմն՝ բարի երթ, եթե չկա և հետագայում էլ չլինի, ուրեմն՝ այս ամենը գործարք է: Սա հստակ կարող եմ ասել»,– իր խոսքը եզրափակեց Ա. Կարապետյանը: