ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին եվրոպական խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների համատեղ գրավոր կարծիքը շատ հետաքրքիր դրվագներ է բացահայտում, թե ինչ տպավորություն են նրանք ստացել Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի հետ իրենց հանդիպումներից։
«Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն զավթելու եւ այն ավելացնելու գործիքի տպավորություն»։
«Պատվիրակության մոտ շփոթմունք եւ մտահոգություններ առաջացրին կուսակցության առաջնորդի՝ ծայրահեղ բարեկեցիկ օլիգարխի, անձնական ունեցվածքի եւ շահերի նույնականությունն իր իսկ հիմնադրամի եւ կուսակցության ունեցվածքի եւ շահերի հետ»։
Կարդացեք նաև
«Պոպուլիստական կեցվածք որդեգրելով եւ քաղաքացիներին մասնավոր ու անըմբռնելի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով (որը բարեգործության եւ ընտրակաշառքի միջեւ ինչ-որ տեղ է)՝ «Բարգավաճ Հայաստանը» դարձել է ամուր քաղաքական ուժ»։
«Ավելին, քանի որ այս կուսակցությունում ամեն ինչ թվում է իր առաջնորդից կախված, ներքին քննարկումների կամ ներկուսակցական ժողովրդավարության նշույլներ հնարավոր չեղավ բացահայտել»։
«Կուսակցության առաջնորդը թվաց մտահոգ եւ ներգրավված իր գործնական աշխատանքում, սակայն նրա դիրքորոշումները միջազգային հարաբերությունների եւ ներկա քաղաքական խնդիրների վերաբերյալ բավականին թույլ էին»։
«Բարգավաճ Հայաստանը» բավականին արհեստական տպավորություն թողեց»:
Սրանք բառացի մեջբերումներ են Եվրոպական խորհրդարանականների առաքելության հաշվետվությունից, որը նրանք կազմել են ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպումներից հետո այն ժամանակ, երբ կուսակցությունը հայտ էր ներկայացրել անդամակցելու Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը։ Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու այդ հայտը նման ճակատագրի արժանացավ։
«Հրապարակ»