«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մշտապես կանխատեսումներ է անում ու լրագրողների մոտ հպարտանում է, որ իր բոլոր կանխատեսումներն իրականանում են: Հայտնի է, որ նա սիրում է նաեւ գրազ գալ ընտրությունների հետ կապված եւ նախագահական ընտրությունների թեմայով: Ուստի Aravot.am-ի հարցին, թե այս նախագահական ընտրություներից առաջ ի՞նչ գրազ է պատրաստվում գալ՝ Արամ Կարապետյանը կտրուկ պատասխանեց. «Ես էլ գրազ չեմ գալիս»: Թե ինչո՞ւ է հրաժարվել ՆԺԿ նախագահն իր այդ սովորությունից՝ նա այսպես բացատրեց. «Որովհետեւ հստակ հասկանում եմ, որ էլ որեւէ գրազի կարիք չկա՝ նախագահական ընտրություններով փոփոխություն է լինելու»:
Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը սրանից 8 տարի առաջ՝ 2004-ի հունվարին գրազ էր եկել «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի հետ, որ տեղի են ունենալու նախագահական արտահերթ ընտրություններ ու տանուլ էր տվել գրազը՝ 1000 դոլար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ