Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Տարոն Մարգարյանի աներձագին չեմ ճանաչում, չգիտեմ նրան թաղայիններն են սատարել, թե ով, բայց մեր Արման Սահակյանը հաստատ թաղային չէ»

Դեկտեմբեր 05,2012 22:13

Օրերս Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով կիրակի օրը  տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները,  ՀՀԿ Շիրակի մարզային  կառույցի  նորընտիր ղեկավար  Սահակ Մինասյանը հպարտացավ, որ իրենց հաջողվեց  Շիրակի մարզում  ընտրական  նոր մշակույթ   ձևավորել, վերացնել ընտրակաշառքի բաժանումը: Նշենք, որ այստեղ պայքարում էին Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով և հաղթեց իր մրցակցին: Իսկ ինչո՞ւ այդ նոր մշակույթի  շրջանակներում չեն վերացնում թաղայինների ելումուտը ընտրատեղամասեր, հարցրեցինք մենք` որպես օրինակ մեջբերելով  թիվ 1 ընտրատարածքի ընտրությունները լուսաբանող  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող  Իրինա Հովհաննիսյանի   վրա թաղայինների հարձակումը: «Ես Երևանում չեմ եղել, ճիշտն ասած չգիտեմ ի՞նչ է եղել, բայց  մեր Արման Սահակյանը թաղային հեղինակություն չէ, Արման Սահակյանը մտավորական ընտանքից երիտասարդ գործարար է, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահն է , ով կայծակնային արագությամբ առաջընթաց է ապրում , և չի ակնկալել թաղերում կանգնած մարդկանց,  թաղային հեղինակությունների սատարմանը» :

Ուրեմն Տարոն Մարգարյանի  պատգամավոր դարձած  աներձագը թաղային հեղինակությո՞ւն է, որ նրան թաղայիններն են սատարել, մեր այս  հարցին պարոն Մինասյանը  պատասխանեց. «Ես չգիտեմ էնտեղ ինչ է եղել, ես չեմ էլ ճանաչում Տարոն Մարգարյանի աներորդուն, չեմ կարող ասել, թե ինչ է եղել Երևանում, այն,  ինչ գիտեմ լրատվամիջոցներից, և բնական է Ձեր մասնագիտական արժանապատվությունը վիրավորած չլինեմ, բայց ասեմ, որ ոչ բոլորն էլ ճիշտ գրում»:

ՀՀԿ կառույցի առաջնորդը քննադատեց  նաև  գյումրեցիների այն հոգեբանությունը,  որ Արման Սահակյանը տեղացի չէ, դրսից է, հետևաբար և ինչո՞ւ «թասիբով» գյումրեցիները նրան պիտի ձայն տան: «Ես մի պարզ ձևակերպում անեմ, հայրենասիրությունը այնքան վեհ ու խորը գաղափար է, որ չի կարելի տեղայնացնել, այսինքն  վերածել թաղային, բակային, քաղաքային հայրենասիրության:Ես չեմ  ժխտում, Գյումրիում կա արմատավորված միտում,  որ անպայման  լինի գյումրեցի և այլն, և այլն:Ես ինքս խորհուրդ եմ տալիս բոլոր նման մտածելակերպ ունեցող գյումրեցիներին, բոլոր ապարանցիների, լոռեցիների  երևանցիների ու ղարաբաղցիներ մասին մտածեն հետևյալ կերպ, որ նրանք բոլորը արմատներով գյումրեցի են, ուղղակի միաժամանակ պապերով հանդերձ էնտեղ են ապրել,որպեսզի կարողանանք ի վերջո  էս թերձևավորված խնդիրը վերցնել , հայրենասիրությունը իր բառի իմաստի խորությամբ ընկալել: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը կայծակնային առաջընթաց է ապրել, «Շիրակ»  ֆուտբոլային ակումբը ժամանակին համարվել է Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի բրենդը, կարելի՞ է  էդ նույն ակումբի նախագահին ասել `  գիտեք ձեր պապի պապի պապը ծնվել է Ջավախքում, դուք մերը չեք:Հայրենասիրությունը նորից եմ կրկնում չի լինում բակային ու թաղային, հայրենասիրությունը լինում է ազգային գաղափարախոսության հիմնաքարը», -ասաց ՀՀԿ առաջնորդը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31