Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ շաքարավազի բիզնեսի մենաշնորհի մասին. «Անկեղծ ասած, ես սուրճն ու թեյն առանց շաքարավազի եմ խմում»

Դեկտեմբեր 05,2012 21:56

Այսօր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքը շաքարավազի շուկայում մենաշնորհ ունի: Ի՞նչ եք կարծում, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես սուրճն ու թեյն առանց շաքարավազի եմ խմում եւ շաքարավազ այդքան չեմ օգտագործում: Դե, մենաշնորհ… կարելի է ասել գերիշխող, մի քիչ բառերը կարելի է փոխել, համենայնդեպս, դրա պատասխանը կառավարությունը կտա»: Մենք ճշտեցինք՝ դուք չգիտե՞ք՝ նա մենաշնորհ ունի՞, թե՞ չունի, դուք այս երկրի քաղաքացի եք, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չէ, ես նմանատիպ հարցերով  չեմ զբաղվում: Համենայնդեպս, ես դեմ եմ մենաշնորհներին՝  կատեգորիկ: Ազատ շուկայական հարաբերություններին ավելի կողմնակից եմ: Ե՛վ կառավարությունը, ե՛ւ մենք՝ օրենսդիրը, պետք է պայմաններ ստեղծենք՝ դա ապահովելու համար»: Հարցին՝ որեւէ ոլորտում մենաշնորհ գիտե՞ք, պատգամավորը պատասխանեց. «Մենաշնորհներ… այդպես անվանական ես բնավորություն չունեմ առանձնացնելու: Համենայնդեպս, դրա դեմ լուրջ պայքար է պետք տանել: Այս հարցը պետք է լուծեն ոչ թե անհատները, այլ մենք՝ օրենքով. կառավարության բարի կամեցողության դեպքում մենք կկարողանանք այդ խնդրին հասնենք»:

Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթի քվեարկությունը քայլ է, որով դուք ձեր վերաբերմունքը կարող եք արտահայտել՝ իսկապե՞ս դեմ եք մենաշնորհներին, թե՞ կողմ եք, նա պատասխանեց. «Ցանկացած առաջարկության ժամանակ որեւէ կաշկանդող բան չունեմ, որ լավ առաջարկություններին կողմ արտահայտվեմ: Բայց այն ժամանակ, դուք գիտեք, ես հին պատգամավոր եմ, 90-ականներին էլ էին այս հարցերը բարձրացվում եւ իրենք հրաժարվում էին դրանք մեզ հետ քննարկել: Այն ժամանակ ես անկախ պատգամավոր եմ եղել: ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթն ուսումնասիրման կարիք է զգում: Ես չեմ կարող որեւէ դեմ բան արտահայտել, որովհետեւ փաստաթուղթը նոր բերեցին: Եթե ոչ հիմա, համենայնդեպս, ապագայում քննարկման առարկա է: Կային առողջ առաջարկներ, ես թռուցիկ նայեցի, հարկավոր է դա ուսումնասիրել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն եք Լեւոն Զուրաբյանի հնչեցրած գնահատականների հետ, որ Սերժ Սարգսյանի «մերձավորները» այնքան ապաշնորհ են, որ նոււյնիսկ մենաշնորհ ունենալով՝ միջազգային հսկայական պարտքեր են կուտակում ու մեզ ամենուրեք խայտառակ անում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, որ կան այդ ոլորտում խնդիրներ եւ պրոբլեմներ, որ ականատես են լինում բոլոր քաղաքացիները, ես դա չեմ կարող ժխտել: Ես ձեռնպահ եմ մնում որակումներ տալուց, բայց ինչը որ փաստ է եւ տեսնում եմ եւ ամբողջ հանրությունն է տեսնում, որ ոլորտում խնդիրներ կան, ես դա բնական եմ համարում: Այդքան խիստ գնահատականներ պարզապես ես չեմ ուզում տալ»: Հարցին՝ «Արմավիայի» չվերթներից օգտվե՞լ եք, որակը, սպասարկումն ինչպե՞ս եք գնահատում, Հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Բավականին դեպքեր են եղել, ուշացումներ եւ այլն, որը, բնականաբար, վրդովեցնում է մարդկանց, եւ դա ցանկալի չէ, որ  մեր երկրի հատկապես ազգային ավիափոխադրողից խուսափեինք ու կցանկանայի, որ ընդհակառակը, շահագրգռված լինեինք, որ մեր ավիաուղիներով չվերթները կատարեինք, որ բյուջե գնար դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31