Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի հավատացյալները կաթողիկոսի որոշման մասին. «Եթե մի ոսկեվազցի կամ ապարանցի եպիսկոպոս հայտնվի, անխոս Մարալիկի թեմ էլ կստեղծվի»

Դեկտեմբեր 05,2012 21:32

Մի քանի օր առաջ  կաթողիկոսը  Շիրակի մարզը բաժանեց երկու թեմերի` ստեղծելով   Արթիկի թեմ ու հոգևոր առաջնորդ նշանակելով իր ոսկեվազցի համագյուղացուն` Մայր աթոռի  միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Փաստորեն Վեհափառը կիսեց Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպիսկոպոսի հոգևոր պաշտոնը` նրա տիրակալությունից  վերցնելով Արթիկը` իր հարակից 23 գյուղերով:

Մայր Աթոռի մամուլի ծառայության  տարածած  հաղորդագրության մեջ  նպատակը մեկնաբանվում է այսպես. «Այսօր Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքները ևս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազմակերպմամբ առավելագույնս հոգացվեն հոգևոր կարիքները Մեր զավակների և մատուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգևոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու և նվիրական արժեքների հանդեպ»:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ  www.civilnet.am- ին տված  հարցազրույցում  ամենևին չնեղվեց,   բնական ընդունեց այդ որոշումը` ասելով, որ սա արվում է արդյունավետությունը բարձրացնելու համար, և որ ինքը   հնազանդ է  կաթողիկոսի որոշմանը:

Սակայն նրա փոխարեն անչափ նեղված են  գյումրեցի հավատացյալները: Facebook սոցիալական ցանցի «Լեննագանցիք» ու «Նոր Գյումրի» խմբերում թեժ քննարկումներ են ընթանում այս թեմայով: Օգտատերերի գերակշռող մասը, բացարձակապես ուշադրություն չդարձնելով  ու չհավատալով պաշտոնական պարզաբանման անկեղծությանը, իրենց վրդովմունքն են  արտահայտում  կաթողիկոսի որոշման դեմ: Օրինակ, նրանցից մեկը` Էդվարդ Հակոբյանը, գրել էր . «Գրողը տանի … Գոնե էստեղ քաղաքականությունը իրա պըլընջոտ, կեղտոտ քիթը չմտցներ … » : Ի պատասխան վերջինիս` Սերգեյ Գաբրիելյանը այսպես էր արձագանքել . «Էսպես գնաց երկու մարզպետ էլ կունենանք»: Քննարկմանը  մասնակցող մեկ այլ օգտատեր` Նարեկ Դշխունյանն էլ  իբրև թե միամտաբար  հարցրել էր . «Ժողովու՛րդ, իսկ խաբա՞ր եք` Մարալիկի համա՞յնքն էլ է մտել Արթիկի թեմի մեջ»,  որին ի պատասխան թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանը հեգնել էր. «Երևի շուտով Մարալիկի թեմ էլ ստեղծվի, եթե, իհարկե, էլի մի ոսկեվազցի կամ ապարանցի եպիսկոպոս հայտնվի,,… »:

Օգտատերերը  հիշել են նաև խորհրդային տարիները, երբ ինչ-որ մեկին  շտապ ռայկոմի քարտուղարի  պաշտոն է  պետք եղել, գնացել են Կրեմլ ու  ռայկոմը կիսել տվել, օրինակ` այդպես են ձևավորվել նախկին  Լենինականի  «Մոսկովյան» և «Շիրակի» շրջաննների  ռայկոմները :

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ այսպես էր արձագանքել. «Էս ազգս աճում է հա՞ երեւի, տեղյակ չենք, թե՞ Էջմիածնից լավ է երեւում: Ավելի լավ չէ՞ր լինի Շիրակի մարզում միանգամից երկու թեմակալ առաջնորդ սահմաներ …. շատ անհաջող որոշում է: Իսկ Ալավերդու թեմ չի՞ ուզում առանձնացնել Վեհափառը, իսկ Դաստակերտի՞, բա Ճամբարակի …. Նիժնի Տագիլի թեմ …. »

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Ասպարեզ» ակումբի  նախագահի դիտարկումներն այս թեմայի շուրջ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31